Հայատյացություն կամ ադրբեջանական «հայրենասիրության» երկու երեսը

Ադրբեջանցի ուսուցիչ Ռովշան Ազիզովը դատարանի միջոցով պայքարում է Բաքվի դպրոցներից մեկում աշխատանքի վերադառնալու համար։ Նա պնդում է, որ աշխատանքից հեռացվելու պատճառ է հանդիսացել իր քաղաքացիական դիրքորոշումը։ Մարտի 12-ին դպրոցի տնօրենը դատարանում խոստովանել է, որ Ազիզովը հեռացվել է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության կոչերի համար։

35-ամյա Ազիզովը դասավանդել է Բաքվի Նիզամինի շրջանի դպրոցներից մեկում 2004-ից, սակայն 2017-ի վերջին հեռացվել է աշխատանքից։ Նրա դեմ ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ իր աշակերտների հետ պատրաստել է տեսաուղերձ հայ և ադրբեջանցի երեխաների միջև բարեկամության կոչերով։ 

Kavkazel-Uzel կայքին ուսուցիչը պատմել է, որ մշտապես նախապատվություն է տվել դասավանդման ոչ ավանդական մեթոդներին։

«Ես ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ և անվտանգ։ Ոչ ոք չի կարող ատելություն հրահրել երեխաների միջև, ծնողները պետք է երեխաներին դաստիարակեն բարեկամության և սիրո ոգով»,- ասել է Ազիզովը։

Նրա հրապարակած բազմաթիվ տեսահոլովակներից մեկում երեխաները դերեր են խաղում՝ խոսելով անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն, թուրքերեն։ Ըստ բեմադրության՝ նրանք սկզբից թշնամաբար են տրամադրված, սակայն հետո հաշտվում են և սկսում ընկերություն անել։

Ազիզովի տեսահոլովակներին արձագանքել են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները, որոնք դեմ են Հայաստանի հետ ցանկացած կապերի։

Ռովշան Ազիզովը Ֆեյսբուքում արած գրառումներում տեղեկացնում է, որ իրեն անվանում են «դավաճան», «հայերի գործակալ», անգամ նրան վերագրել են հայկական ծագում։

Ուսուցիչը հույս ունի դատարանի միջոցով վերականգնվել աշխատանքում։ 

«Ես ցանկանում եմ վերադառնալ դպրոց, այնտեղ ինձ սպասում են իմ աշակերտները։ Եթե դատարանը ինձ չվերականգնի, իմ ընտանիքը կմնա առանց գոյատևման միջոցների, ես չեմ կարողանա պահել իմ հնգամյա որդուն։ Եթե անգամ դատարանի որոշումը իմ օգտին չլինի, ես կշարունակեմ պայքարը»,- ասել է Ազիզովը։

Ուսուցչի խոսքով՝ ծնողները նրա դեմ առարկություններ չունեն և անձնական նամակներում աջակցում են իրեն, սակայն վախենում են բացահայտ օգնություն ցուցաբերել։

«Աջակցության խոսքեր եմ ստանում նաև հայ օգտատերերից։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանում նույնպես հայտարարեն, որ ադրբեջանցիները հայերի թշնամիները չեն»,- պատմել է ուսուցիչը։

Դպրոցի տնօրենը մեկնաբանություն չի տվել կայքին։

Տեսանյութը՝ Ռովշան Ազիզովի Ֆեյսբուքի էջից

Ռովշան Ազիզովի դասավանդման մեթոդներն ու խաղաղասիրությունն իսկապես ապշեցնող են Ադրբեջանում համատարած հայատյացության ֆոնին։

Վերջերս օգտատերերի շրջանում տարածվել էր տեսանյութ ադրբեջանական մեկ այլ դպրոցից, որտեղ ուսուցչուհին նախադպրոցական տարիքի երեխաների հետ անցկացնում է ատելության և թշնամանքի դասընթաց։

Նա հարցնում է՝ «Գիտե՞ք՝ ովքեր են մեր թշնամիները», ինչին երեխաները միաձայն պատասխանում են․ «Հայե՛րը»։

Ապա մանկավարժը, ցույց տալով քարտեզին, պատմում է, որ «ադրբեջանական հողերի 20 տոկոսը նվաճել են հայերը»։

Տեսանյութի առնչությամբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք է անցկացրել՝ արձանագրելով Ադրբեջանում հայատյացության հերթական աղաղակող դեպքը։

 

Ստելլա Մեհրաբեկյան