Մոսկվան ԼՂ հարցը քննարկում է բոլոր գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և պատասխանել հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Բակո Սահակյանը այցելի նաև Մոսկվա։

Զախարովայի խոսքով՝ ինքը չի կարող մեկնաբանել մի այց, որը կատարվում է մի տարածաշրջանից մյուսը և որը չի առնչվում Ռուսաստանին․ «Ես նման հանդիպումների [Մոսկվայում – ՍիվիլՆեթ] մասին ոչինչ չգիտեմ, կարող եմ միայն ճշտել։ Կարող եմ ասել, որ մենք հանձնառու ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեր բոլոր հանձնառություններին՝ առկա պայմանավորվածությունների շրջանակում»։

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ասել է․ «Ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ։ Խոսքը և համանախագահների, և տարածաշրջանի երկրների մասին է։ Դա նորմալ է, դա դիվանագիտական աշխատանքի մի մաս է»։

Երեկ Մոսկվայում Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-թուրքական օրակարգում ավանդաբար ներառված է իրավիճակը Հարավային Կովկասում։

Նույն օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, կոչ է արել միջազգային հանրությանը «ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»։

«Մենք ցանկանում ենք, որ պաշտպանվեն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները»,- թուրքական Anadolu գործակալությունը մեջբերում է ադրբեջանական պետական AZ TV-ին Յըլդըրըմի տված հարցազրույցը։

«ՄԱԿ-ն ու այլ կազմակերպություններ ընդունում են, որ Հայաստանը սխալ է։ Այդուհանդերձ, բանաձև ընդունելու համար անհրաժեշտ զգայունությունը բացակայում է։ Այն, ինչ սպառնում է Ադրբեջանին, սպառնալիք է նաև մեզ համար։ Միջազգային համայնքն ու կառույցները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա»,- ասել է Բինալի Յըլդըրըմը։

Մեկնաբանել