Վիրահայոց թեմը դիմել է դատարան՝ պահանջելով Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դատական հայց է ներկայացրել Վրաստանի Հանրային ռեեստրի ազգային գործակալության դեմ՝ պահանջելով վերադարձնել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վիրահայոց թեմը գտնում է, որ 2017թ․ հուլիսի 18-ի որոշմամբ «Թանդոյանց Սուրբ Աստվածածին» հայոց եկեղեցին փոխանցելով Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանին՝ Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Ինչպես հաղորդում է Վիրահայոց թեմի պաշտոնական կայքը, մարտի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Որպես երրորդ կողմ է ներկայացել Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը։

Հայցվոր և պատասխանող կողմերը դիմել են դատավորին՝ խնդրելով հետաձգել դատավարությունը գործի վարույթում նոր փաստեր և ապացույցներ ներառելու համար: Դատավորը բավարարել է կողմերի դիմումը, և դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ին:

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին (Պլեխանովի՝ այժմյան Դավիթ Աղմաշենեբելի փողոց 38), կառուցվել 19-րդ դարի 50-60-ական թվականներին: 1866թ. Թանդոյան ընտանիքի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել Սբ. Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչությամբ: Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է որպես հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյանց անվանումը: Այդ մասին է վկայում նաև եկեղեցու հարևանությամբ մինչև վերջերս պահպանված գրությունը:

1923-1924թթ. Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին փակվել է խորհրդային իշխանությունների կողմից: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվել է, իսկ եկեղեցին հանձնվել Հանրապետության պիոներական կազմակերպությանը, ապա այն վերածվել է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի:

«Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներից, Վրաստանի կառավարությունը, հաշվի չառնելով կիսավեր եկեղեցու պատմական ծագումն ու դավանանքային հատկանիշները, այն չի վերադարձրել Վիրահայոց թեմին: 2017թ․ Վրաստանին Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը Թանդոյանց Եկեղեցին փոխանցել է Վրաց Եկեղեցու Պատրիարքարանին’ որպես սեփականություն: Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Թանդոյանց եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել»,- հայտարարում է Վիրահայոց թեմը։

Մեկնաբանել