Սավչենկոյին մեղադրում են Ռադայում ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրում է խորհրդարանի շենքում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ Սավչենկոյի մեղքի «անհերքելի ապացույցների» մասին պատմել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։ Օրենսդիրներն արդեն հեռացրել են իրենց գործընկերոջը ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի կազմից։ Ինքը՝ Նադեժդա Սավչենկոն, հայտարարել է․ «Ո՞վ չի մտածել Գերագույն ռադան պայթեցնելու մասին»։

«Մենք ունենք անհերքելի ապացույցներ առ այն, որ Նադեժդա Սավչենկոն անձամբ ծրագրել, անձամբ հավաքագրել է մարդկանց և անձամբ կարգադրություններ է տվել այն մասին, թե ինչպես ահաբեկչական գործողություն իրականացնել դահլիճում [Գերագույն ռադայում]»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Լուցենկոն Սավչենկոյի հարցաքննության ժամանակ։

Սավչենկոն դատախազի հայտարարությունները որակել է իրեն ահաբեկելու փորձ։

Ինչպես փոխանցում է ուկրաինական UNIAN գործակալությունը, երեկ Սավչենկոյին դուրս են բերել Ռադայի նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ ստեղծվել է նրա մասնակցությամբ վտանգավոր իրավիճակ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սավչենկոն իբր իր հետ նռնակ էր բերել։

Ուկրաինական թոք-շոուներից մեկի ժամանակ Ռուսաստանում դատապարտված և հայրենիք վերադառնալուն պես հերոսի կոչման արժանացած Նադեժդա Սավչենկոն ասել է, որ պատրաստ է երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյից ստացած՝ Ուկրաինայի հերոսի մեդալը շպրտել նրա երեսին։ 

Կարդացեք՝ Պուտինը ներում է շնորհել Նադեժդա Սավչենկոյին