Ովքեր են Թուրքիայի ալևիները

Ֆրանիայի ալևիական միությունների ֆեդերացիայի նախագահ Էրդալ Քըլըչքայան ՍիվիլՆեթին պատմում է Հայաստան այցելության ու Ծիծեռնակաբերդ բարձրանալու մասին։ Ըստ նրա՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն ընդունողների մեծագույն մասը հենց ալևիներն են։ Քըլըչքայան նաև պատմում է, որ Թուրքիայում ճնշում են ալևիներին, փորձում նրանց սուննի դարձնել։

Ե՞րբ է ստեղծվել և ի՞նչ գործունեություն է ծավալում Ֆրանսիայի ալևիական միությունների ֆեդերացիան։

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Ես Ֆրանսիայի ալևիական միությունների ֆեդերացիայի նախագահն եմ, միաժամանակ երկրորդ նախագահը Եվրոպայի բոլոր ալևիական միությունների կոնֆեդերացիայի։ Ֆրանսիայում ապրում է 300 հազար ալևի, երկրի 41 քաղաքներում՝ Բորդոյում, Մարսելում, Նանսում, Փարիզում, Ստրասբուրգում, գործում են ալևիական մշակութային միություններ՝ ջեմևիներ։ Այս բոլոր միությունները միավորված են ընդհանուր մի կառույցի՝ Ֆրանսիայի ալևիական միությունների ֆեդերացիայի մեջ։ Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոպայի 14 երկրներում՝ Հոլանդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում կան ալևիական կազմակերպություններն ընդգրկող նմանատիպ ֆեդերացիաներ։ Առհասարակ, Եվրոպայի 270 քաղաքներում կան ալևիական մշակութային միություններ՝ ջեմևիներ։

Այս բոլոր կազմակերպությունների միավորմամբ ստեղծվել է Եվրոպայի ալևիական միությունների կոնֆեդերացիան։ Եվրոպայում մոտավորապես ապրում է երկու միլիոն ալևի, իսկ Թուրքիայում ալևիներ թիվը տատանվում է 15-20 միլիոնի արանքում։ Իհարկե, սա ոչ պաշտոնական տվյալ է․ Թուրքիայում նման պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի։ Մոտավորապես կարող ենք ասել, որ աշխարհում ալևիների թիվը շուրջ 20 միլիոն է։ Եվրոպական երկրներն ու նրանց ղեկավարությունը պաշտոնապես ճանաչում են ալևիներին։ Նույնիսկ, օգտվելով քաղաքացիներին տրվող սահմանադրական իրավունքից, որոշ երկրների դպրոցներում, օրինակ Գերմանիայում, Անգլիայում, Ավստրիայում, ալևիականություն է դասավանդվում։

Ո՞րն է Հայաստան գալու հիմնական նպատակը։

Թուրքիայում ժամանակը չափվում է Հրանտից հետո և Հրանտից առաջ։ Հրանտի մահից հետո հասարակությունը բաժանվեց երկու մասի։ Առաջին խումբը՝ հրանտականները, փորձում էին տեր կանգնել Դինքի ժառանգությանը և հավատացած էին, որ հնարավոր է միասնաբար ու համերաշխ ապրել Թուրքիայում, երկրորդ խումբը ժխտում է նման մոտեցումը։ Հրանտ Դինքի մահից հետո մենք՝ ալևիներս, փորձեցինք բարեկամական հարաբերություններ հաստատել հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հետ։ Իսկ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանսիայի ալևիական միությունների ֆեդերացիան հռչակագրով հանդես եկավ։ Դրանով մենք հանրությանը տեղյակ էինք պահում, որ Հայոց ցեղասպանության ժամանակ հատկապես Դերսիմում, ինչպես նաև Թուրքիայի այլ մասերում ալևիները փորձել են պաշտպանել ու փրկել հիվանդ մարդկանց, երեխաներին ու կանանց։ Չնայած այդ ջանքերին՝ միշտ չէ, որ հաջողվել է օգնել ու փրկել հայերին, ինչի կապակցությամբ արտահայտում էինք մեր վիշտը։ Այդ հռչակագրով մենք հայերից ներողություն էինք խնդրում, որ նրանք մեզ տվել էին ամենահեղափոխականին, ամենալուսավորին, ամենախիզախին, ամենաառաջադիմականին, բայց մենք չկարողացանք պաշտպանել նրան։ Խոսքը Դինքի մասին է։

Հայոց ցեղասպանության ժամանակ հայերը մեզ զգուշացրել էին, որ իրենցից հետո հերթը ալևիներին է գալու։ Մենք՝ ալևիներս, ուշադրություն չդարձրինք հայերի նախազգուշացմանը, այդ պատճառով էլ ծանր գին վճարեցինք՝ ջարդի ենթարկվելով Դերսիմում, Մարաշում, Չորումում, Սըվասում։ Մենք ներողություն ենք խնդրում հայերից։ Մոտավորապես նման հայտարարությամբ հանդես եկանք Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Դրանից հետո հայկական կազմակերպությունների, հատկապես Ֆրանսիայի հայ համայքի հետ, որը բավական ուժեղ է և ազդեցիկ, կապեր հաստատեցինք։ Սկսեցինք հավաքներ կազմակերպել, մտածել, թե միասնաբար ինչ գործեր կարող ենք ձեռնարկել, Հրանտ Դինքի հիշատակի արարողություններ կազմակերպեցինք, համատեղ քննարկումներ արեցինք։ Իսկ այժմ, որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ՝ այցելել Երևան, բարձրանալ Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկ դնել, ասել, որ ձեր ցավը նաև մերն է, ասել, որ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ պաճառով էլ Հայաստանում ենք։ Հայաստան ժամանած Եվրոպայի ալևիների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում, համալսարաններում, ալևիներին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել։ Պետք է ասել, որ մենք՝ ալևիներն ու հայերը, իրար լավ չենք ճանաչում, փոխճանաչման համար լավ առիթ էր ստեղծվել, մենք շատ գոհ ենք մեր այցի արդյունքներից։

Գանք Թուրքիայի ալևիներին․ կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայում նրանք չեն համարվում իրավահավասար քաղաքացիներ ու խտրականության են ենթարկվում։

Մեր՝ ալևիներիս պայքարի հիմնական նպատակը հենց դա է, մենք ցանկանում ենք Թուրքիայում լինել իրավահավասար քաղաքացիներ։ Ալևիները, ինչպես հայերը, եզդիներն ու ասորիները, մշտապես ճնշումների ու հալածանքի են ենթարկվել։ Ալևիները պատմության ընթացքում մշտապես ջարդերի են ենթարկվել։ Իսկ վերջին 15 տարվա ընթացքում նրանց պատուհասել է ձուլման քաղաքականությունը։ Տարիներ շարունակ ալևիական գյուղերում մզկիթներ են կառուցում, ստիպում նամազ անել, մեր աղոթատներին՝ ջեմևիներին, օրինական կարգավիճակ չեն տալիս։

Թուրքիայում գործում է Կրոնական գործերի նախագահություն անունով մի կառույց, որն աներևակայելի հսկա բյուջե ունի։ Ահա այս կառույցը, որ սնվում է նաև ալևիների տված հարկերից, անում է ամեն ինչ ալևի երեխաներին սուննի դարձնելու ուղղությամբ։ Ավելին, վերջին 15 տարիների ընթացքում չի եղել ու չկա որևէ ալևի նահանգապետ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, չկա որևէ ալևի գավառապետ, կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության շարքում չկա որևէ ալևի պատգամավոր։ Սկսվել է նոր գործընթաց, միտում։ Հասկացանք, որ պետական վերին օղակներում հայտնվելը ալևիների համար անհնարին է, բայց այս նոր գործընթացի հետևանքով Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի անդամ լինելու ու նման անհիմն պատրվակներով ազատում են նաև պետական այս կամ այն հաստատությունում աշխատող ալևիներին, նրանց հեռացնում են դպրոցներից, համալսարաններից, պետական բոլոր հաստատություններից։ Առհասարակ այժմ Թուրքիայում ալևիները շատ անպաշտպան են, մենք վախենում ենք ալևիների անվտանգության համար, ալևիների վիճակը մտահոգիչ է։

Ովքե՞ր են ալևիները` էթնի՞կ, թե՞ կրոնական հանրույթ, ինչպե՞ս կարելի է սահմանել ալևիական ինքնությունը, ի՞նչի վրա է այն խարսխված։

Երևանյան այս այցելության ժամանակ հասկացանք, որ հայերը մեզ չեն ճանաչում։ Դարեր շարունակ միասին ենք ապրել, հարևաններ ենք եղել, սակայն միմյանցից կտրվել ենք, օտարացել, ու այժմ հայերն ու ալևիները միմյանց լավ չեն ճանաչում։ Ալևիզմը կենսաձև է, հավատ է, դավանաք, կյանքի փիլիսոփայություն, հավասարություն է, փոխօգնություն, ալևիզմը դոգմատիկ կրոն չէ, անընդհատ նորացվող արդիականցվող կառույց է։ Մեր ջեմևիներում՝ աղոթատներում, կանանց ու տղամարդկանց խտրականություն չի դրվում, մենք ազատորեն խոսում-քննարկում ենք յուրաքանչյուր թեմա։ Մենք չունենք հոջաներ, իմամներ, որոնք ինչ ասեն, մենք էլ առանց հակադարձելու՝ նրանց ասածով պետք է առաջնորդվենք։ Առհասարակ, ալևիզմը շատ է տարբերվում Թուրքիայի հիմնական կրոնական ուղղությունից՝ սուննիզմից։ Ալևիները մզկիթ չեն այցելում, Մեքքա ուխտագնացության չեն գնում, մենք ունենք մեր աղոթատները՝ ջեմևիները, մենք հստակորեն առանձնանում ենք իսլամադավաններից, հենց դրա համար էլ Թուրքիայի կառվարությունը մեզ թիրախավորում է։ Ալիևիականությունը հավատում է հումանիստական, ժողովրդավարական գաղափարներին, տղամարդու ու կնոջ հավասարությանը։ Այն իր բնույթով աշխարհիկ դավանանք է։

Այսինքն ալևիզմում էթնիկ պատկանելությունը կարևոր չէ՞, քուրդն էլ, թուրքն էլ, արաբն էլ կարող են ալևի՞ լինել։

Ալևիները սիրում են ասել՝ մենք աշխարհի բոլոր 72 ժողովուրդներին նույն կերպ ենք վերաբերվում։ Ալևիները մարդկանց չեն տարանջատում էթնիկ պատկանելության կամ գույնի ու սեռի համար։ Ով բացում է ալևիական աղոթատեղիի՝ ջեմևիի դուռն ու ներս մտնում, նա մեզ համար «ջան» է՝ մարդ, հոգի։ Այսինքն, ալևի կարող է լինել և՛ հայը, և՛ թուրքը, և՛ լազը, և՛ ֆրանսիացին։ Մենք որևէ էթնիկ, ազգային խտրականություն չենք դնում։ Կան թե՛ արաբ ալևիներ, թե՛ թուրքմեն ալևիներ, թե՛ քուրդ ալևիներ, թե՛ նույնիսկ օրինակ ֆրանսիացի ալևիներ։ Մեր ինքնության գլխավոր բաղադրիչը, մեզ միավորողը ալևիականությունն է, այդ ուղղության, այդ դավանանքին հետևորդ լինելը և ոչ էթնիկ պատկանելությունը։

Ալևիները թուրքական հասարակության մեջ թաքցնո՞ւմ են իրենց ինքնությունը, իրենց ալևի լինելը, թե՞ կարողանում են ազատ արտահայտել այն։

Օսմանյան սուլթաններ Սելիմ Ահեղի, Մահմուտ Երկրորդի ժամանակներում ալևիների կոտորածների, ալևիների նկատմամբ իրականացված բռնաճնշումների հետևանքով ալևիները հաստատվել են հիմնականում լեռնային բնակավայրերում, քաղաքներից կտրված վայրերում։ Նույնիսկ այս պայմաններում Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո էլ ալևիները կրոնական ծիսակատարությունները գաղտնի էին անում, աղոթատանը աղոթելիս պահակ են կանգնեցնում, որովհետև եթե մեկը բողոքեր, կգային ալևիների աղոթատունը կփակեին, հոգևոր առաջնորդին՝ դեդեին, կձերբակալեին։

Ավելի ուշ շրջանում ալևիական գյուղերը սկսեցին դատարկվել, մարդիկ աստիճանաբար սկսեցին հաստատվել քաղաքներում։ Իր հերթին, պետությունը խրախուսում էր ալևիների գաղթը երկրից, նրանց անձնագիր տրամադրում, որպեսզի լքեն երկիրը։ Նրանք էլ մեծ հոսքերով սկսեցին լքել Թուրքիան ու հաստատվել եվրոպական երկրներում, հատկապես Գերմանիայում։ Գաղթի հետ միաժամանակ սկսվեց ալևիների ձուլման քաղաքականությունը։ Ալևիական գյուղերում սկսեցին մզկիթներ կառուցել, ստիպում էին, որ ալևի երեխաները մզկիթներոում Ղուրան սովորեն, դպրոցներում պարտադրում էին կրոնական կրթութուն, այսպիսով կամաց-կամաց, քայլ առ քայլ սկսեցին ձուլել ալևիներին։ Սակայն, 1993 թվականին, երբ Սեբաստիայի Մադըմաքի շրջանում ողջ-ողջ այրեցին մեր 33 մտավորականներին, ալևիները, հատկապես Եվրոպա գաղթած ալևիները, սկսեցին ինքանակազմակերպվել, տեր կանգնել իրենց խնդիրներին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ալևիներին, ապա նրանք այժմ դեմ հանդիման են կանգնած ձուլման հսկայածավալ պետական ծրագրին։

Մի օրինակ բերեմ, վերջին շրջանի մի դեպք։ Ենթադրենք մեկը սուննի է, մյուսը՝ ալևի, երկուսն էլ ծառայում են թուրքական բանակում, նրանց պատերազմ են ուղարկում, գնում են, երկուսն էլ պատերազմի դաշտում զոհվում են։ Մեկի հուղարկավորությունը ալևական ջեմևիում պիտի լինի, քանի որ սպանվածը ալևի է։ Բայց ալևիի թաղման արարողությանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցում․ ինչու, որովհետև ջեմևի է, մզկիթ չէ, իրենք ասում են՝ մենք ջեմևի չենք մտնի։ Դրանից հետո զոռով վերցնում են սպանված ալևիի մարմինը ու տանում մզկիթ, հավաքված բազմությանը նամազ անել տալիս, այդ ժամանակ նոր գալիս է պետական պաշտոնյան։ Մինչև օրս Թուրքիայում ալևիական աղոթատները պաշտոնական կարգավիճակ չունեն, անօրինական են գործում, պետությունն ուզի, վաղը կարող է փակել բոլոր աղոթատները։ Պետությունը չի ցանկանում կարգավիճակ տալ ու օրինականացնել դրանք, ցանկանում է ձուլել ալևիներին, վերջ տալ ալևիականությանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ կարծես չի սիրում ալևիներին, գոնե շատ դրական չի արտահայտվում նրանց հասցեին։

Էրդողանի կրթությունը ամբողջովին սուննիական է, ուղնուծուծով սուննի է, նա չափազանց տարօրինակ է նայում ալևիներին։ Գիտեք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, դերսիմցի ալևի է։ Վերջին ընտրությունների ժամանակ, իսլամականների ձայները հավաքելու համար Էրդողանը հրապարակայնորեն ծաղրում էր, վիրավորում Քըլըչդարօղլուին` ակնարկելով նրա ալևի լինելը։ Այո, կարծես թե Էրդողանը չի սիրում ալևիներին։ Այնպես չէ, որ ալևիներն էլ շատ են սիրում նրան։

Ինչպիսի՞ն է հայերի մասին ալևիների ընկալումը, պատկերացումը։ Առհասարակ ի՞նչ են հիշում նրանք համատեղ անցյալից։

Երբ մեր ծնողները մեզ պատմում էին հայերի մասին, երբեք չէին ասում Հայոց ցեղասպանություն։ Գիտե՞ք՝ ինչ էին ասում։ Առաջին ցեղասպանության ժամանակ հայերին կոտորեցին, երկրորդի ժամանակ՝ ալևիներին։ Առաջին կոտորած, երկրորդ կոտորած, առաջին ցեղասպանություն, երկրորդ ցեղասպանություն։ Երկորդ կոտորած, երկորդ ցեղասպանություն ասելով՝ ալևիները նկատի ունեն Դերսիմի իրադարձությունները։ Մենք հայերի հետ նույն ճակատագիրն ենք կիսել։ Այդ պատճառով ալևիների վերաբերմունքը հայերի նկատմամբ բացարձակապես, կրկնում եմ՝ բացարձակապես, բացասական չէ։ Թուրքիայում այժմ Հայոց ցեղասպանությունն ընդունում է երկրի բնակչության մոտ 10 տոկոսը, 90 տոկոսը՝ ժխտում։ Իհարկե չկա որևէ վիճակագրություն, սակայն վստահ եմ, որ այդ 10 տոկոսի մեծագույն մասը հենց ալևիներն են, որովհետև ալևիները համակրում են հայերին։ Ալևիները գիտեն, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, ինչ դառը ճակատագիր է բաժին հասել նրանց, ալևիներն ականատես են եղել դրան։ Ալևիները փորձել են թաքցնել հայ կանանց ու երեխաներին, փորձել են փրկել նրանց։

Զրույցը՝ Գոռ Երանյանի

Մեկնաբանել