Ի՞նչ սպասել Պուտինի չորրորդ ժամկետից

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, որոնց ելքն արդեն իսկ կանխորոշված է՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կընտրվի արդեն չորրորդ անգամ։ Eurasianet.org կայքում հրապարակած հոդվածում Կոլորադոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սարա Ուիլսոնը քննարկում է Պուտինի վերընտրվելուց հետո հեռանկարները Ռուսաստանի համար։

Ռուսաստանցիների շրջանում գնալով աճում է հիասթափությունը առողջապահության, դպրոցների թերֆինանսավորման և աղքատության մակարդակի բարձրացման պատճառով: Նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է իր չորրորդ ժամկետին՝ խոստումներ տալով և թոշակները բարձրացնելով: Սակայն նա հակասական համբավ ունի կայուն սոցիալական բարիքների ստեղծման հարցում, իսկ անցյալում, քվեարկությունից անմիջապես հետո կենսաթոշակի նման օգուտները չեղյալ են համարվել։

«Վեդոմոստի» թերթը անցյալ տարվա «Պուտինի և Մեդվեդևի 10 անկատար խոստումներ» անվամբ հոդվածում ընդգծել էր ռուսաստանցիների շրջանում տարածված դժգոհությունները: Օրինակ, 2012 թ. Պուտինի վերընտրվելուց ի վեր աղքատ ռուսաստանցիների թիվը ավելացել է մի քանի միլիոնով: Պուտինն այս ամիս իր ելույթում փորձեց վերաձևակերպել այս իրավիճակը. Ընդունելով, որ աղքատության մակարդակը որոշակիորեն մեծացել է, նա ընդգծեց, որ աղքատության մեջ գտնվող ռուսների թիվը դեռ շատ ավելի ցածր է, քան 2000 թ., երբ նա առաջին անգամ ստանձնեց նախագահությունը։ Պուտինը ճիշտ է, որ ի տարբերություն 1990-այանների վերջի, շատ բաներ ավելի լավ վիճակում են, սակայն 2018թ. 18-ամյա ընտրողների նոր խմբին և նույնիսկ մի փոքր ավելի մեծերին չես կարող համոզել «90-ականները շատ ավելի վատն էին» փաստարկով:

Աղքատությունը «Վեդոմոստի»-ում նշված միակ դժգոհությունը չէր։ Միջին աշխատավարձը փոքր-ինչ ավելացել է, սակայն աճող գները և ռուբլու արժեզրկումը անտեսել են այդ հանգամանքը։ Կրթության ոլորտում ևս իրավիճակը լավ չէ՝ ուսուցիչների վարձատրությունը դեռևս միջին աշխատավարձից ցածր է, և ի հակադրություն Պուտինի խոստումների՝ 2012-ից սկսած դպրոցների թիվը նվազել է մոտ 7000-ով: Այս ամենին գումարած՝ 2012թ. համեմատ մոտ 50 տոկոսով աճել են կոմունալ, հատկապես ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերը, նույն ժամանակահատվածում մոտ 57 տոկոսով աճել է տաք ջրի արժեքը։

Կարո՞ղ է Պուտինը դիմանալ տնտեսական և սոցիալական պայմանների այս անկմանը: Այսօրվա դրությամբ նրան հաջողվել է մանիպուլացնել դրանք՝ մարտի 18-ին հեշտ հաղթանակ պաահովելու և մասնակցությունը խթանելու համար, որը կարծես Կրեմլի գլխավոր մտահոգությունն է: Նախագահը կատարել է իր որոշ խոստումներ, օրինակ, երկու կամ երեք երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային վարկերի սուբսիդավորումը: Նա նաև անորոշ ժամանակով հետաձգել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը:

Եվ, ինչպես ռուսական առաջնորդների համար ստանդարտ պրակտիկա է, Պուտինն ընտրությունների նախաշեմին բարձրացրել է կենսաթոշակները: 1996թ. Ելցինը ևս ընտրություններից առաջ իրականացրեց կենսաթոշակային բարեփոխումներ, իսկ ընտրություններից մի ամիս առաջ կրկնապատկեց նվազագույն կենսաթոշակը: 2000թ. սկզբին, գործող նախագահ Պուտինը առաջին ընտրություններից մեկ ամիս առաջ բարձրացրեց թոշակները 20 տոկոսով։ 2008թ․ նախագահի թեկնածու Մեդվեդևի ընտրվելուց առաջ նախագահական հրամանագրով ավելացան վետերանների նպաստները և բոլոր կենսաթոշակառուների համար մեկ անգամ լրացուցիչ կենսաթոշակ վճարվեց: Իսկ 2012 թ. Պուտինի վերընտրվելուց առաջ կենսաթոշակները վերանայվեցին՝ հօգուտ տարեցների։ Սակայն մեկ տարի անց այն չեղարկվեց։

Պուտինը կարող է մի քանի տարի շարունակ ևս գոյատևել սոցիալական քաղաքականության այս անառողջ մոտեցմամբ, բայց ի՞նչ կլինի հետո։ Հարցումները ցույց են տալիս, որ թեև ռուսաստանցիների հիմնական խնդիրներն են կոռուպցիան և տնտեսությունը, թոշակների, կրթության և առողջապահության հարցերը ևս նրանց հուզող հարցերի տասնյակում են: Վլադիմիր Պուտինի խառնաշփոթ խոստումներն անբավարար են իր և իր ռեժիմի օրինականության և թողած ժառանգության համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել