Ինձ որոշել էին վերացնել ռուսները․ Սեֆիլյանի պաշտպանական ճառը

«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին, այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը»,- մարտի 17-ին դատարանում այս խոսքով սկսեց իր պաշտպանական ճառը Ժիրայր Սեֆիլյանը։ Այդ ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չէր տալիս նրան հնչեցնել մտքերը, քանի որ Սեֆիլյանը ճառը նստած էր ընթերցում, ինչին դեմ էր դատավորը։ Տեղի ունեցավ վիճաբանություն Սեֆիլյանի և դատավոր Գրիգորյանի միջև։ Միջամտեցին պաշտպանները, արդյունքում նրանց առաջարկով Սեֆիլյանի ճառը կարդաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Ովքեր հետևել են դատավարության անվան տակ իրականացվող այս հաշվեհարդարին, համոզվել են, որ դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման, մի ֆարսի, որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն»,- նշվում է ճառում:

Ժիրայր Սեֆիլյանը փաստում է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ կատարված 111 հանցագործությունների վերաբերյալ չի տարվել ոչ մի քննություն և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նա իր ճառում անդրադառնում է այդ հանցագործություններից երկուսին․

«Ինձ վերաբերվող դեպքերին եմ անդրադառնում, քանի որ տվյալ իրավիճակում յուրօրինակ վկայի կարգավիճակ ունեմ մեր ժողովրդի և միջազգային համայնքի առաջ՝ իմ անմիջական ականատեսի խոսքով վկայելու Կրեմլյան հանցավոր ռեժիմի և նրա խամաճիկ երևանյան ռեժիմի ոճրագործ բնույթի մասին: Ինձ ահաբեկելու այս երկու դեպքերից մեկի մասին ժամանակին անմիջապես տեղեկացրել եմ հանրությանը: Դա տեղի է ունեցել 2016թ. հունվարի 12-ին: Քննչական կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնող Ամրամ Մակինյանն ինձ հրավիրել էր իր մոտ և, օգտվելով առիթից, որ իմ պաշտպանը դեռ չէր ժամանել, շուտափույթ կերպով ինձ բանավոր կերպով փոխանցեց իր վերադասի, պետք է հասկանալ՝ անձամբ Սերժ Սարգսյանից իջեցված սպառնալիքը, թե, բառացի մեջբերում եմ. «Վերջին անգամ լինելով Ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը, Դուք հայտնվելու եք նորից ճաղերի ետևում»: Ըստ Սեֆիլյանի նման սպառնալիքները հաճախակի են հնչել պաշտոնատար անձանց կողմից։

Երկրորդ դեպքը Սեֆիլյանը առաջին անգամ է բարձրաձայնում․ «Այդ դեպքը վերաբերվում է ինձ ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքին: Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Այդ սպառնալիքը միջնորդի միջոցով ինձ փոխանցողը եղել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը»,- ասվում է ճառում։

Սեֆիլյանի հավաստմամբ՝ սպառնալիքը փոխանցվել է ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից 1-2 օր անց․ «Որքան հիշում եմ՝ այն հնչել էր մարտի 1-ին: Այդ ժամանակ Ռուսական կայսրության ծավալման համատեքստում Ուկրաինան մասնատելու և զավթելու տխրահռչակ «Նովոռոսիա» կայսրապետական ծրագրի իրագործման եռուն շրջանն էր, ինչը Հայաստանի մասով արտահայտվում էր մեր երկիրը ինքնիշխանությունից զրկելու և Ռուսաստանի կազմում ներառելու այսպես կոչված «Հայկական Հանրապետություն» դուստր ծրագրով»:

Բացի այդ, իր ճառում Հիմնադիր խորհրդարանի ղեկավարը վերհիշել է Գյումրիի ավտոերթը՝ 2015-ի մարտի 6-ին․ «Երբ այդ օրը մեր ավտոշարասյունը մոտենում էր Գյումրի քաղաքին, մեզ տեղեկացրեցին, որ քաղաքի մուտքի մոտ հավաքված են եղել մի խումբ թափթփուկներ: Մեր տեղեկությամբ, նրանք նաև զինված էին: Զուգահեռաբար տեղեկացանք, որ Երևանից ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ են բերվել Գյումրի, որոնք տեղակայված են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ, որպեսզի մեզ հետ նախատեսված խուժանի բախումը և, ամենայն հավանականությամբ, Ռուսատանի հյուպատոսարանի մոտ տեղակայված ոստիկանության վրա խուժանի մի մասի հարձակումները վերագրվեն մեզ և ռուսահպատակ ռեժիմին հնարավորություն տան իրավիճակը հանգուցալուծել մի նոր Մարտի 1-ով: Բնականաբար, հավանական զոհերից մեկը պետք է որ ես լինեի»։

Այս տեղեկությունները Սեֆիլյանը հրապարակում է երկու նպատակով։ Նախ նա ցանկանում է, որ հայ երիտասարդությունն իմանա, թե «ինչ աստիճանի է օկուպացված մերօրյա Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ)», երկրորդ, որ բոլորի համար անժխտելիորեն պարզ դառնա, որ «մենք այսօր պետություն չունենք, այլ ընդամենը Մոսկվային ծառայող մաֆիոզաահաբեկչական մի գաղութային համակարգ»:

Իր ճառի ամփոփիչ մասում Սեֆիլյանը հորդորում է հանրությանը միանալ «Հանուն Հայաստան Պետության» Ճակատի նախաձեռնությանը և սկիզբ դնել ինքնիշխան արժանապատիվ ազգային պետության․ «Մա՛հ ռեժիմին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականից սկսել է նախապատրաստել զինված հարձակումներ, իսկ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով ռազմավարական նշանակության շինություններ զավթել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել