Սեֆիլյանը նախազգուշացրեց՝ դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ և վճռական

Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը զգուշացնում է՝ «դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ և վճռական»։ Վերջին հինգ տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ըստ նրա, ապացուցում են, որ հնարավոր չէ կոտրել ժողովրդի կամքը։ Այս մասին նշված է Սեֆիլյանի վերջին խոսքում, որը հրապարակեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ այսօրվա դատական նիստին։

Մարտի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով նիստը։

Սեֆիլյանը ինչպես իր պաշտպանական ճառում, այնպես էլ վերջին խոսքում մեղադրանքներ հնչեցրեց Կրեմլի հասցեին, ապա հայտարարեց․ «Դիմադրությունը և հակահարվածը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ռեժիմը և Հայաստանը չի ազատազրկվել»։

Կարդացեք նաև՝ Ինձ որոշել էին վերացնել ռուսները․ Սեֆիլյանի պաշտպանական ճառը

Սեֆիլյանը պնդում է, որ դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ և վճռական․ «Հակահարված պատժիչ գործողությունները, որ մեր ազգի սերուցքի ներկայացուցիչները հասցնելու են ռեժիմին, որակական հատկանիշներով և մասշտաբային առումով զգալի չափով գերազանցելու են նախորդներին։ Դիմադրությունը և հակահարվածը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ռեժիմը, ու Հայաստանը չի ազատազրկվել»։

Ըստ Հիմնադիր խորհրդարանի ղեկավարի՝ հարձակումներից իշխանությունը կարող է խուսափել միայն այն դեպքում, երբ «կատարի Սասնա ծռերի պահանջները»։ Ըստ Սեֆիլյանի՝ այդ պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Սերժ Սարգսյանի հրաժարական, պետական լծակների փոխանցում ժողովրդի վստահության կառավարությանը։

«Ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը և նրա հանցախումբը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ հայությունը և նրա սերուցքը սպառված են, ու իրենք անպատիժ են մնալու։ Մենք վճառականորեն շարունակելու ենք պայքարը հանուն ինքնիշխան Հայաստանի»,- ասված է Սեֆիլյանի վերջին խոսքում։

Այսօր դատարանում վերջին խոսքով հանդես եկավ նաև Գևորգ Սաֆարյանը․ «Իմ խոսքը վերջինը չէ, դուք դեռ իմ խոսքը շատ կլսեք։ Տիկին դատավոր, Դուք պետք է հասկանաք, որ մենք Ձեր կամ Ձեր տերերի առաջ չենք կանգնելու։ Փոխանցեք  Ձեր տերերին, որ մենք սերժիկ-սաշիկներին հայրենիք չունենք տալու»,- ասաց Սաֆարյանը։

Մեկ այլ ամբաստանյալ՝ Ներսես Պողոսյանը, ցույց տվեց իր երեք որդիների լուսանկարներն ու ասաց, որ նրանց սովորեցրել է զենքով կրակել․ «Իմ տղերքը մեծանում են, մեր գործը շարունակելու են։ Չորս չէ, 14, 44 տարի, ինձ համար դա նշանակություն չունի, արծիվները սողուն չեն դառնա»։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  «2014 թվականից սկսել է նախապատրաստել զինված հարձակումներ, իսկ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով ռազմավարական նշանակության շինություններ զավթել, սակայն այդ գործողություններն ավարտին չի հացրել՝ իրենից անկախ հանգամանքների պատճառով»։

Մեղադրողը միջնորդել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարին դատապարտել 11 տարվա, իսկ Գևորգ Սաֆարյանին՝ չորսուկես տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատախազը ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջել է չորսուկես տարվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանի ու Հրայր Թոփչյանի համար՝ երեք տարվա, Ներսես Պողոսյանի համար՝ չորս տարվա, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար՝ երկու տարվա ազատազրկում։ Հովհաննես Պետրոսյանը, ըստ մեղադրողի, համագործակցել է իրավապահների հետ։

Գևորգ Թոսունյան