Պուտինը ռեկորդային հաղթանակ է տանում ընտրություններում, Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Կիրակի Ռուսաստանում անցած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,81%-ի մշակման արդյունքներով հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 76,67% ձայներով։ Սա ռեկորդ է նրա ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում։

ԿԸՀ տվյալներով՝ Պուտինի օգտին քվեարկել է 56 մլն մարդ։ 2000-ին նա ստացել էր 52,94% ձայն (39,74 մլն մարդ), 2004-ին՝ 71,31% (49,563 մլն մարդ), 2012-ին՝ 63,6% (45,602 մլն մարդ)։

Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը ստացել է 11,79%, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը՝ 1,67% , «Յաբլոկո» կուսակցության թեկնածու Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, «Աճի կուսակցության» առաջնորդ Բորիս Տիտովը՝ 0,76%, «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, «Ժողովրդական միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։

Քվեաթերթիկների 95%-ի մշակման արդյունքներով ընտրություններին մասնակցությունը կազմել է 67%։

Այդ ցուցանիշը գերազանցում է նախորդ նախագահական ընտրությունների արդյունքները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն շնորհավորել է Պուտինին՝ նրան «մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»:

«Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:

Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը:

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել