Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից: 

Նշելով, որ Խորհուրդն ունենալու է մեծ լիազորություններ, որը լինելու է այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, Սերժ Սարգսյանը հավելել է, որ մարմինն ունի ևս մեկ առանձնահատկություն՝ «այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա»։

«Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

«Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի, որովհետև եթե նա ուրիշներին է սովորեցնում հաշվետու լինել օրենքի առջև, ուրիշներին է պարտադրում կատարել օրենքը ամբողջ ծավալով՝ առաջինը ինքը պետք է այդպիսին լինի: Շատ պարզ բան է՝ պիտի ասի՝ արա այնպես, ինչպես ես»,- հավելել է ՀՀ նախագահը: