Արմեն Սարգսյանը կերդվի Մարզահամերգային համալիրում

Ազգային ժողովի Խորհուրդն կքննարկի և կորոշի, թե որտեղ է անցկացվելու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Համապատասխան որոշման նախագծի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

ԱԺ Խորհրդի նիստում քննարկվելիք որոշման նախագծում, մասնավորապես, նշված է. «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ժամը 12:00-ին:

2. Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը:

3. Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

5. Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը:

6. Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը:

7. Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:

Մեկնաբանել