2040-ին 4 մլն բնակչություն ունենալն անլուծելի խնդիր է, ըստ ժողովրդագրի

Հայաստանի բնակչությունը 2040թ․ 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին 2017-ին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՛ ժողովրդագրական, թե՛ միգրացիոն առումով գրեթե անհնար է։ Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ Վերջինս հանդիպմանը ներկայացրեց «ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ.) մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով» զեկույցը։

«Ժողովրդագրական տեսանկյունից այդ խնդիրը անլուծելի է։ Մենք ծնելիության նման մակարդակ չենք կարող ունենալ, որպեսզի բնակչության նման աճ ապահովվի։ Դա անգամ երազանք չէ, ուտոպիա է»,- ասաց Եգանյանը։

Ինչ վերաբերում է միգրացիոն հոսքերի միջոցով ծրագրի իրականացմանը՝ Եգանյանը նշեց, որ այս առումով էլ «իրավիճակը հուսադրող չէ»։

«Չեմ կարծում, որ մեզ պետք է ամեն տեսակի միգրացիա։ Եթե տեսականորեն մեր երկիրը շատ արագ զարգանա, մենք միգրանտների ներհոսքի խնդիր չենք ունենա՝ ունենալով մեր կողքի հարևաններին։ Բայց եթե հարցը վերաբերում է հայկական սփյուռքի հաշվին այդ ներհոսքը կազմակերպելուն, ապա ես դեռ որևէ լուրջ նախադրյալ չեմ տեսնում։ Դեռ պետք է այնպես անել, որ քիչ գնան, հետո նոր մտածել մյուսներին վերադարձնելու մասին»,- ասաց ժողովրդագիրը։

Ներկայացնելով «ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ.) մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով» զեկույցը՝ Եգանյանը նշեց, որ հետազոտությանը մասնակցել է 3000 տնտեսություն՝ ավելի քան 10 հազ․ անձ։

Միգրացիոն հոսքերի առանձնահատկությունների մասին

Ըստ զեկույցի արդյունքների՝ երևույթը հիմնականում ձևավորված է երեք առանձին հոսքերից՝ աշխատանքային, ընտանեկան միգրացիոն և մշտական բնակության։

«Որակական առանձնահատկություն է, որ թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր հոսքերում գերազանցում են տղամարդիկ և աշխատանքային ակտիվ տարիքի բնակչությունը։ Միգրացիոն ուղղությունների հիմնական պատճառների թվում հստակորեն առաջնային են հանդիսանում աշխատանքային-տնտեսական գործոնները»,- ասաց Եգանյանը՝ հավելելով, որ միգրացիոն հիմնական գործընկեր շարունակում է հանդիսանալ Ռուսաստանը։

«Հանրապետությունում յուրաքանչյուր 5-րդ տնտեսություն ուներ արտերկրում գտնվող միգրանտ անդամ, որոնք 3-3,5 տարվա ընթացքում մեկնել և չեն վերադարձել հայրենիք»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ հիմնական հոսքը աշխատանքային է, դրանից ավելի փոքր է ընտանեկան և մշտական բնակության միտված հոսքը։ Գրեթե չկա կրթական միգրացիա։

«Կրթական միգրացիայում հիմնականում ներառված են կանայք և աղջիկները, տղամարդկանց թիվը կրթական միգրացիայի մեջ շատ չնչին է»,- ասաց Եգանյանը։

Հետազոտությունների արդյունքում պարզել են նաև, որ հարցված տնային տնտեսությունների 35 տոկոսից ավելին վերջին 3,5 տարվա ընթացքում ունեցել է ընտանիքի միգրացիա կատարած անդամ։

«Եթե 1990-ականների վերջին տարիների համեմատ 2000-ականների սկզբին մենք ունեցել ենք բացասական մնացորդի ծավալների որոշակի նվազում, ապա 2011-ից իրավիճակը փոխվել է՝ ցուցանիշը բարձրացել է»,- հայտնեց Ռուբեն Եգանյանը։ Նրա խոսքով՝ միայն վերջին երեք տարիներին բացասական մնացորդը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 44 հազ․, և սա «անհանգստացնող երևույթ է»։

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին մայիսին հայտարարել էր, որ «ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»։

«Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,- ԱԺ-ում հայտարարել էր Սարգսյանը։

Արձագանքելով նախագահի հնչեցրած տեսլականին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ «իրատեսական» է համարում այն։ Կառավարությունն ունի «ծրագրեր ծնելիության աճ խթանելու, արտագաղթածների վերադարձը կազմակերպելու, կյանքի որակը բարելավելու համար»։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել