ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է տեղի ունեցել

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը նա հանդես է եկել ելույթով: Օպերատիվ հավաքներին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և ելույթներ են ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք:

«Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին:

Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

Սպառազինությունների մասով Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:

Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ելույթում խոսել է «թռիչքային աճ ապահովելու համար լավ հնարավորությունների» մասին։ 

«Մենք ունենք չափազանց հետաքրքիր և հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատև ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, և այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաև ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձևավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», – ասել է կառավարության ղեկավարը:

Նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, և որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: