Նիկոլ Փաշինյանը շարժում է սկսում «ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի»

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական շարժում է սկսում «ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի»։

«Սիրելի հայրենակիցներ. քիչ առաջ տեղի ունեցած նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը որոշեց նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

2015-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցությունը չմիացան սահմանադրական փոփոխությունների դեմ ՈՉ-ի շարժմանը՝ դա համարելով կեղծ օրակարգ։

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հրաժարվի նախագահության ժամկետի ավարտից հետո առաջադրվել վարչապետի պաշտոնում։

2014թ, ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որի արդյունքում երկիրը կառավարման կիսանախագահական մոդելից անցում էր կատարելու խորհրդարանականին հայտարարել էր

«Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Մեկնաբանել