Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը (լրացված)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռը:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարվա և 5 ասմվա, Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարվա և 6 ասմվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարվա և 6 ամսվա, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Ներսես Պողոսյանը՝ 3 տարվա և 6 ասմվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-ից սկսել է «նախապատրաստել զինված հարձակումներ, իսկ 2015թ․ նոյեմբերից մինչև 2016թ․ մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով ռազմավարական նշանակության շինություններ զավթել, սակայն մտադրույթունները ավարտին չի հասցրել»։ Ըստ մեղադրանքի՝ նա պետք է զավթեր նախագահական և այլ շենքեր, ինչպես նաև հեռուստաաշտարակն ու մի քանի զորամասեր։ Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենքի շրջանառության համար։

Սեֆիլյանի դիրքորոշումը

Ողջ դատաքննության ընթացքում Սեֆիլյանը հրաժարվել է ոտքի կանգնել դատարանի առջև։ Նա դատաքննությունը որակել է որպես թատերական ներկայացում։ Պնդել է, որ իրավապահները նախապես մշակել են իր դեմ մեղադրանքը։

«Ովքեր հետևել են դատավարության անվան տակ իրականացվող այս հաշվեհարդարին, համոզվել են, որ դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման»,- նշված է Սեֆիլյանի պաշտպանական ճառում:

Ըստ Սեֆիլյանի՝ Հայաստանի իշխանությունները մշտապես իրեն նախազգուշացրել են՝ դադարեցնել քաղաքական ակտիվությունը՝ հակառակ պարագայում սպառնալով դատել։

Իր ճառում Սեֆիլյանը նաև հայտարարել է, որ «ռուսները որոշել են սպանել իրեն»։ Նման գործողությունը, ըստ Հիմնադիր խորհրդարանի ղեկավարի, պետք է տեղի ունենար 2015-ի մարտի 6-ին, երբ ընդդիմադիր ուժն իր համակիրների հետ մեկնում էր Գյումրի։

Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր վերջին խոսքում էլ զգուշացրել է՝ «դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ և վճռական»։

Սեֆիլյանի խոսքով՝ հարձակումներից իշխանությունը կարող է խուսափել միայն այն դեպքում, երբ «կատարի Սասնա ծռերի պահանջները»։ Այդ պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Սերժ Սարգսյանի հրաժարական, պետական լծակների փոխանցում ժողովրդի վստահության կառավարությանը։

Պաշտպանների դիրքորոշումը

Ժիրայր Սեֆիլյանն ունի երկու պաշտպան՝ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը։ Նրանք ողջ դատաքննության ընթացքում հայտարարել են, որ քրեական գործը հարուցվել ու իրականացվել է մի շարք թերություններով։

Ըստ փաստաբանների՝ Սեֆիլյանի դեմ գործում ներգրավված է եղել մինչև 800 իրավապահ։

Տիգրան Հայրապետյանի ճառում նշված էր, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մեղադրական եզրակացությունում գրված է, որ Լիբանանի քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու։ Պետք է հիշեցնեմ՝ մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական դասագրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարիներին հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանը անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»,- ասել է Հայրապետյանը։

Արայիկ Պապիկյանն էլ ասել է, որ Սեֆիլյանին հետևել են քաղաքական նկրտումներով․ «Իրականում երկու կառույցներն էլ Սեֆիլյանին հետևում էին քաղաքական շարժառիթներով, իսկ ԱԱԾ -ն հանդես էր գալիս իշխող համակարգի անվտանգության շահից»։

Գևորգ Թոսունյան