Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի ԱԺ հայտարարության նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը մարտի 21-ին 56 դեմ, 9 կողմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ելք» խմբակցության Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ավելի վաղ Հանրապետականը կողմ էր քվեարկել որոշման նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու «Ելք»-ի նախաձեռնությանը։

Նախագծով դատապարտվում էին 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունները, իրավապահներից պահանջվում էր սեղմ ժամկետում բացահայտել ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին, առաջարկվում էր արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։

Մինչ քվեարկությունը իր խոսքում Փաշինյանը դարձյալ հայտարարեց՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ին իր արած հայտարարությունների համար։ Նրա խոսքով՝ տեսագրություններ չկան Քոչարյանի խոսքերը ապացուցող այն հայտարարության մասին, թե «ցուցարարները ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա ու թաքնվում ավտոբուսի հետևում»։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե իրենց դաշինքը քվեարկությանը չի մասնակցի։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ «Ելք»-ի առաջարկած հայտարարության նախագիծը «իրենց մտահոգությունները չի փարատում», ապա «անպատասխանատու» որակեց Փաշինյանի այն պնդումը, թե «Քոչարյանի հայտարարությունը ապացուցող տեսագրություններ չկան»։ Պատասխանելով Կոստանյանին՝ քվեարկությունից հետո Փաշինյանը նշեց, թե իրենց հայտարարության տեքստի վերաբերյալ ոչ մի առաջարկ իրենք չեն ստացել։

Հայտարարության նախագիծը չընդունվեց։

***
ՍիվիլՆեթը Մարտի 1-ի 10-րդ տարելիցի նախաշեմին մանրամասն ներկայացրել է 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, որոնք ավարտվեցին Մարտի 1-ի արյունահեղությամբ ու տասը զոհերով։ 

Մարտի 1-ի շարունակվող քաղաքական հետևանքները

Լուսանկարը՝ 2008թ․ մարտի 1-ի

Մկրտիչ Կարապետյան