Ուզբեկստանն ու Տաջիկստանը հաշտվեցին․ նախադե՞պ Հայաստանի և Ադրբեջանի համար

Լեոն Ասլանով

Մարտի 9-ին Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը Դուշանբեում իրեն նվիրված համերգի ընթացքում հանդես եկավ տաջիկ պատգամավորների առաջ՝ կարևորելով ուզբեկ և տաջիկ ժողովուրդների միջև «եղբայրական և ջերմ» հարաբերությունները: «Առանց տաջիկական երգերի ուզբեկական հարսանիք չի լինում, ոչ էլ տաջիկական հարսանիք՝ առանց ուզբեկական մեղեդիների»,- ասաց Միրզիյոևը: Երկու ժողովուրդների միջև մշակութային նմանությունների և սերտ պատմական կապերի մասին նրա ակնարկը հանդիսատեսի ծափահարությունների բուռն ալիք բարձրացրեց: Սրանով պայմանավորվեց երաժշտական ու պարային ելույթներով հագեցած ողջ միջոցառման տրամադրությունը՝ ի մի բերելով ուզբեկական և տաջիկական մշակույթների և նրանց ընդհանուր ժառանգության տարրերը:

Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև քաղաքական հարաբերությունները վերոհիշյալ բարիդրացիական հռետորաբանությունից շատ հեռու են եղել: Արևմտյան որոշ վերլուծաբաններ երկու երկրների միջև հարաբերությունները նկարագրելիս անգամ ավելի հեռուն գնալով՝ բնութագրել են իրավիճակը որպես «չհայտարարված սառը պատերազմ»: Երկկողմանի լարված այս հարաբերությունները մեծ մասամբ մեկնաբանում էին բնապահպանական աշխարհաքաղաքական պատճառաբանությամբ՝ հատկապես նշելով «ջրի ճգնաժամը»: Անհամաձայնությունը ծավալվել էր Տաջիկստանում Ռողուն ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի կառուցման շուրջ, ինչը ենթադրում էր ջրի հոսքի սանձում՝ ի նպաստ երկրի էներգետիկ կարիքների: Ուզբեկստանը՝ Իսլամ Քարիմովի նախագահության օրոք, դեմ էր արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ կայանը կխաթարի ջրերի հոսքն ու ոռոգման շրջանները, ինչից մեծապես կտուժի իր երկրի գյուղատնտեսությունը: Քարիմովն անգամ սպառնացել էր պատերազմ սկսել:

Չնայած աշխարհաքաղաքական այս խնդիրները լուրջ խոչընդոտներ էին երկու երկրների նախագահների համար, դրանք պատմական արմատներ ունեին, որոնք հետզհետե վատթարացել էին «Գլասնոստի» և Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում, ինչը տարածված համախտանիշ էր հետխորհրդային այլ երկրներում ևս: 1920-ականներին Միջին Ասիայում խորհրդային սոցիալիստական հանրապետությունների ստեղծումը հանգեցրել էր սահմանների ամրագրմանն ու Խորհրդային Միության վերահսկողության պայմաններում ձևավորվող ազգային ինքնության վրա խարսխվող պետությունների առաջացմանը: Ընդհանուր առմամբ, Ուզբեկական պետության ձևավումը և տաջիկների երկու կարևորագույն մշակութային կենտրոնների ՝ Սամարղանդի և Բուխարայի միավորումը այդ պետությունում, հանգեցրել էր քաղաքականության և ինքնության բեկման: Այդ իսկ պատճառով, ի թիվս ամեն ինչի, նախագահ Միրզիյոևի ելույթը և ընդունելության համերգը շատ վճռական էր: Դա ազգայնական գաղափարախոսությունների և գործնական, թեպետ լուծելի, խնդիրների պատճառով բաժանված երկու ազգերի մերձեցման կարևոր փորձ էր:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Շավկաթ Միրզիյոևը Րողուն հիդրոէլեկտրակայանի կառուցման շուրջ համաձայնության են եկել: Միրզիյոևը ընդունել է նախագիծը և խոստացել աջակցել դրա իրագործմանը՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական բարգավաճման: Ավելին՝ երկու նախագահները համաձայնության են եկել անայցագիր ռեժիմի շուրջ, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս սահմանը հատել և ճանապարհորդել հարևան երկրում առավելագույնը 30 օրով: Նախկինում այցագիրն անհրաժեշտություն էր, ինչը խնդիրներ էր առաջացնում սահմանից այն կողմ իրենց ազգականներին այցելել ցանկացող տաջիկ և ուզբեկ փոքրամասնությունների համար, ովքեր ապրում էին համապատասխանաբար Ուզբեկստանում և Տաջիկստանում: Հարկ է նշել նաև, որ հաշտեցման արդյունքում վերաբացվել են ինը անցակետները:

Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև մերձեցումը անվերապահորեն փոխկապված է Իսլամ Քարիմովի մահվանից հետո Միրզիյոևի՝ որպես Ուզբեկստանի նախագահ ընտրվելու հետ: Քարիմովը որդեգրել էր նեղմիտ արտաքին քաղաքականություն՝ Տաջիկստանի հետ համագործակցությունը դիտելով որպես ազգային ինքնիշխանության սպառնալիք: Չնայած Միրզիյոևն ինքը «Սամարղանդի կլանի» կազմում էր և Քարիմովի հովանավորությամբ էր Ուզբեկստանի վարչապետի պաշտոնում, երկրի դռները հարևանների և այլոց առաջ բացելու հստակ քայլեր ձեռնարկեց: Միրզիյոևի մոտեցումը կարելի է համարել միջոց, որով նա համալրեց աջակիցների իր բանակը՝ որպես լեգիտիմ բարեփոխիչ, ինչը այնուամենայնիվ պահանջում է իր անմիջական մասնակցությամբ նախաձեռնություն և պետության հեռանկարի փոփոխություն:

Հետևություններ Հայաստանի և Ադրբեջանի համար

Հետխորհրդային տարածաշրջանին հատուկ են պետությունների և նույնիսկ ոչ պետական միավորումների միջև լարված հարաբերությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններից ավելի վատն այնուամենայնիվ չկա: Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի դեպքերի միջև, սակայն, էական նմանություններ կան: Նախ և առաջ այս պետությունների սահմանները գծվել են արտաքին ուժերի՝ հատկապես Ռուսաստանի ազդեցության ներքո: Ավելին՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի ազգային գաղափարախոսությունները զարգացել են պանթուրքիզմի նմանօրինակ տրամաբանությամբ ու ուղղություններով, չնայած ինտենսիվության տարբեր աստիճանի ու զանազան ելքերի:

Երկրորդը՝ պետությունների հիմնադրման ընթացքում սահմանների ամրագրումը իրապես վիճելի էր և մի շարք ազգայնական խնդիրների տեղիք էր տվել, ինչպիսիք են հակամարտությունը, էթնիկ ձուլումը և մարգինալացումը: Հայաստանն ու Ադրբեջանի Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի համար պայքարում էին 1918-1920թթ. Ժամանակահատվածում: Տաջիկստանի և Ուզբեկստանի դեպքում՝ վերջինս իր տարածքում միավորել էր տաջիկներով գերբնակեցված տարածքները, մասնավորապես Սամարղանդն ու Բուխարան, և շարունակական ճնշումների ներքո իրականացնում էր տաջիկների էթնիկ ձուլումը: 1990-ականների անկախացումից ի վեր երկկողմ այս հարաբերություններում տնտեսապես ավելի ուժեղ կողմ հանդիսացող երկիրը՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, հաճախ փորձել են տնտեսական քաղցի մատնել մյուս երկրին՝ սահմանների շուրջ խոչընդոտներ ստեղծելով:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և հետո Ադրբեջանը տնտեսական շրջափակման է ենթարկել Հայաստանին, իսկ 1993-ին նրա դաշնակից Թուրքիան փակել էր Հայաստանի հետ ընդհանուր սահմանը: Սահմանները փակելուց հետո էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնության էին եկել երկաթգծի կառուցման շուրջ, որը պետք է շրջանցեր Հայաստանն ու անցներ Վրաստանով: Բաքու-Թբիլիսի-Կարս կոչվող երկաթգիծը շահագործվեց միայն 2017-ին։ Այն մեծապես կնպաստի այս երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ դուրս մղելով Հայաստանը, որի Կարս տանող երկաթգիծը փակված է 1993-ից ի վեր:

Ուզբեկստանում քննարկվում էր երկաթուղի (Անգրեն-Պապ) բացելու նախագիծը, որը Տաշքենդից Ֆերգանայի դաշտ պետք է ձգվեր՝ շրջանցելով Տաջիկստանը, ինչը խիստ մտահոգության առիթ էր դարձել տաջիկների համար, ովքեր վստահ էին, որ հատկապես 2011-ին միջպետական երկաթուղու փակումից հետո առանց այդ էլ տնտեսապես քայքայված երկիրն առավել կմեկուսացվեր: Անգրեն-Պապ երկաթգծի կառուցումն ավարտվեց 2016-ին: Այնուամենայնիվ, սա Միրզիյոևի և Ռահմոնի հանդիպմանը քննարկված ևս մի հարց էր, որը պսակվեց Գալաբա-Ամուզանգ-Խոշադի միջպետական երկաթգծի վերաբացման շուրջ երկկողմ համաձայնությամբ:

Ինչևիցե, Միրզիյոևի և Ռահմոնի ներկայացրած նախադեպի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը քննարկելիս մի շարք էական տարբերություններ պետք է հաշվի առնվեն: Հայաստանի և Ադրբեջանի պատմությունը ապականված է մի դարից ավելի ձգվող ֆիզիկական բռնության դրվագներով. Հարավային Կովկասում տարածքային վեճերը ռազմական բնույթ էին ստացել 20-րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակներում բոլշևիկների ու օսմանցիների՝ տարածաշրջանում առաջխաղացման արդյունքում: Ցեղասպանության ժամանակ հայերի վերապրած ծայրահեղ դաժան բռնություններն է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը, ինչը, չնայած ադրբեջանցիների կողմից լիովին ընդունված չլինելով անգամ, «թուրք-թշնամու» մասին պատկերացումների ու ընկալման լայնածավալ ալիք են բարձրացրել: Ադրբեջանի ու Թուրքիայի միջև դարից ավելի տևող գաղափարախոսական և քաղաքական սերտ կապերը հարցի այս ընկալումն ավելի են խտացնում՝ Հայաստանը թողնելով «երկու քարի արանքում»: Չնայած Ուզբեկստանը որոշ չափով ընդգրկված էր 1992-1997թթ. Տաջիկստանի քաղաքացիական պատերազմում, դա չէր դիտվում որպես ազգամիջյան հակամարտություն: Ուզբեկների ու տաջիկների միջև բռնության բացակայությունն է, որ ավելի դյուրին է դարձնում հաշտեցման գործընթացը:

Այս առումով ամենաակնառու տարբերությունը, սակայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի բռնկումն ու շարունակական զարգացումն է, ինչն Ուզբեկստանի և Տաջիկստանի դեպքի հետ ուղղակի զուգահեռներ անցկացնելու որևէ հնարավորություն չի թողնում: Հակամարտությունն էական դեր է խաղում հայերի և ադրբեջանցիների ազգային գիտակցության հարցում, ինչի ազդեցությունն ակնհայտ է ամեն օր: 1980-ականների վերջի բնակչության տեղահանման հետևանքները դեռ ակնբախ են, հատկապես Ադրբեջանի փախստականների դեպքում, ում այդպես էլ լիիրավ տնտեսական և սոցիալական ինտեգրման հնարավորություն չտրվեց: Ավելին՝ ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո առանձին պետություն է՝ իր պետական կառուցվածքով ու կառավարման ձևով: Անջատողականության նման մակարդակ երբևէ այսչափ առարկայական չի եղել Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս վիճակը հաշվի առնելով՝ վիճարկել երկու երկրների նախագահներին նույն դահլիճը բերող ընդունելության համերգի հավանականությունը, իհարկե, անիմաստ է:

Այնուամենայնիվ, Միրզիյոևի և Ռահմոնի օրինակն ապացույցն է այն բանի, որ պատմականորեն իրար դեմ լարված երկու հետխորհրդային երկիր ի վիճակի են փոխշահավետ համաձայնության հասնել և անգամ նշանավորել իրենց ընդհանուր մշակութային ժառանգությունը: Եվ որ ավելի կարևոր է՝ դա անել առանց արտաքին դիվանագիտական միջամտության: Նման հաշտեցումը հնարավոր դարձավ միայն երկու նախագահների, հատկապես Միրզիյոևի բարեփոխական քաղաքական կամքի շնորհիվ: Այսպիսի զարգացումը կարող է նախադեպ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար, եթե իհարկե դիտարկենք յուրաքանչյուր դեպքի թե՛ նմանությունները և թե՛ էական տարբերությունները:

Լեոն Ասլանովը քաղաքական վերլուծաբան է, որն աշխատում է Լոնդոնում և ներգրավված է մի շարք հետազոտական նախագծերում։

Թարգմանությունը՝ Հասմիկ Թամամյանի

Read the article in English.

Մեկնաբանել