«Սասնա ծռերը» ժողովրդին հորդորել են չլսել Փաշինյանին ու Զուրաբյանին․ գաղտնալսված հեռախոսազրույցներ

Մարտի 21-ին դատարանում «Սասնա ծռերի» գործով հերթական նիստի ընթացքում հայտարարություններ էին ցանկանում անել Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը։ Ըստ էության, նրանք նպատակ ունեին անդրադառնալ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատավճռին։ Դատավարությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Դատավորը ամբաստանյլաներին թույլ չտվեց հայտարարություններով հանդես գալ՝ պատճառաբանելով, որ այդ հնարավորությունը նրանց կտրվի դատախազի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո։

Այս պատճառաբանությունը զայրացրեց խմբավորման անդամներին, նրանցից Պավել Մանուկյանն ու Արայիկ Խանդոյանը լքեցին նիստերի դահլիճը։

Դատաքննության ընթացքում հրապարակվեցին խմբավորման անդամների մուտքային ու ելքային հեռախոսազրույցների գաղտնալսումները:

Այդ վերծանումներից պարզ է դառնում, որ ՊՊԾ գունդ մտնելուց հետո Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների։ Նա Պավել Մանուկյանի խոսքն է փոխանցել՝ հորդորելով ոտքի կանգնել․ «Հեղափոխությունը սկսվել է: Ժողովրդի մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե՛ք ոտի ժողովրդին»։

Բացի այդ, հեռախոսազրույցների գաղտնալսումներում շոշափվում են նաև «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունները։

Նախ Վարուժան Ավետիսյանն է մի կնոջ հայտնում, որ չենթարկվեն նրանց կոչերին, այնուհետև՝ Պավել Մանուկյանը։

«Ժողովուրդը թող մեզ մոտենա, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին, թող դրան գցեն զիբիլի վեդրոն»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։ Նույն կոչը փոխանցում է նաև Պավել Մանուկյանը մի տղամարդու՝ հորդորելով այնպես անել, որ «ժողովուրդը Նիկոլին չլսի»։

«Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են 2016-ի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենքի գործադրմամբ ոստիկանության շենքի գրավման, պատանդներ պահելու, գույք ոչնչացնելու համար։ Դատաքննություններն իրականացվում են իրարից անջատված մասերով, այսօրվա նիստում քննվում է խմբավորման 11 անդամների գործը, այդ թվում՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի մասով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել