Նովրուզի առթիվ Ռոհանին շնորհավորել է նաև Հայաստանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ինը երկրի՝ Աֆղանստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։ Ուշագրավ է, որ այդ երկրներից ութը մահմեդական են և միայն Հայաստանը՝ քրիստոնյա։

Իրանի նախագահական կայքը փոխանցում է, որ Ռոհանին տարածաշրջանի ժողովուրդներին մաղթել է, որ գարնան գալստյան հետ վերանան ազգային և կրոնական վեճերը, չլինի բռնություն, ծայրահեղականություն և պատերազմ։

«Մենք՝ որպես կառավարություններ և քաղաքական գործիչներ, կարող ենք ոգեշնչվել գեղեցկության և օրհնության այս տոնով՝ հաստատելու խաղաղություն, միասնություն և արդարություն մեր ժողովուրդների համար և քրտնաջան աշխատենք այդ նպատակին հասնելու համար»,- ասված է Ռոհանիի ուղերձում։

Իրանի նախագահին Նովրուզի կապակցությամբ իր հերթին շնորհավորել է Սերժ Սարգսյանը։ Նա հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է «առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան»:

Մեկնաբանել