Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը Ուկրաինայում կարող է արժանանալ Մուխթարլիի ճակատագրին

Տասնամյակ առաջ Ադրբեջանից փախուստի դիմած ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Ադրբեջանի անվտանգության ծառայությունների հետ կապ ունեցող անձինք հայտնվել են Ուկրաինայի մայրաքաղաքում իր վարձակալած բնակարանի առաջ:

Ներկայանալով որպես ոստիկաններ և խոսելով ուկրաիներեն ու ադրբեջաներեն, նրանք հայտնել են, որ եկել են Հուսեյնլիին ձերբակալելու և նրան  «48 ժամվա մեջ» Ադրբեջանին արտահանձնելու հրամանով։ Ադրբեջանում Հուսեյնլիին սպասվում են շինծու մեղադրանքներ՝ կապված նրա նախկին լրագրողական գործունեության հետ, որի մեծ մասը կենտրոնանում էր էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանում իշխանության ամենաբարձր մակարդակով կոռուպցիայի շուրջ:

«Նրանք փորձեցին կոտրել դուռը, հարվածեցին ինձ, որի արդյունքում կորցրեցի երեք ատամս։ Այլոց օգնությամբ կարողացա փակել դուռը և փախչել պատշգամբից»,- ասել է Հուսեյնլին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակից Հուսեյնլին հոկտեմբերից ստիպված է մնալ Ուկրաինայի մայրաքաղաքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները Բաքվի պահանջով Ինտերպոլի կարմիր ծանուցագրի հիման վրա նրան թույլ չտվեցին Գերմանիա մեկնել՝ առգրավվելով նրա փաստաթղթերը: Նա այժմ իրավական անորոշության մեջ է, մինչ Ուկրաինան կորոշի ինչ անել նրա հետ:

Ուկրաինայի պաշտոնյաները լռում են՝ Հուսեյնլիի հարցով հազիվ մի քանի հայտարարություն անելով։

Խոսքի ազատության միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքում են Հուսեյնլիին: «Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին անմիջապես Հուսեյնլիին վերադարձնել իր ճանապարհային փաստաթղթերը և թույլատրել նրան հեռանալ Ուկրաինայից։ Կիևը չպետք է հանցակից լինի Ադրբեջանի իշխանությունների կողմից իր սահմաններից դուրս իրեն քննադատողների նկատմամբ հետապնդումներին: Մենք նաև կոչ ենք անում Ուկրաինայի ոստիկանությանը հետաքննել մարտի 5-ին Հուսեյնլիի նկատմամբ ֆիզիկական հարձակումը և մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնել»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:

Կարդացեք նաև՝

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Վրաստանից առևանգված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է երեք ամսով

Ես Ալիևի և Իվանիշվիլիի բիզնես շահերի զոհն եմ․ Մուխթարլի

Մուխթարլիի դատապարտումը լուրջ հարցեր է առաջացնում․ ԵՄ

Պաշտոնանկություններ Վրաստանում՝ Մուխթարլիի գործով պայմանավորված

Ուկրաինայի գլխավոր դատախազը չի արձագանքել գործի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հարցերին:

«Եթե մոտ ապագայում ինձ սպանեն կամ առևանգեն ու Ադրբեջանին արտահանձնեն, դրա  համար ամբողջովին պատասխանատու կլինեն Ուկրաինայի իշխանությունները», – ասել է Հուսեյնլին իր ֆեյսբուքյան էջում։

Հուսեյնլին, որը նախկինում աշխատել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» թերթում, 2006 թ. Բաքվում անհայտ անձանց կողմից դանակահարվելուց և ծեծվելուց հետո փախել էր Նիդեռլանդներ։

Նրա առևանգման մասին մտավախությունները հիմնավոր են: 2017թ. մայիսին նրա գործընկեր, ադրբեջանցի անկախ լրագրող Աֆղան Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում,  և երկու օր անց հայտնվել Ադրբեջանի կալանավայրերից մեկում:

Սեպտեմբերի 20-ին Ուկրաինան, կրկին Ինտերպոլի կարմիր ծանուցագրի հիման վրա, ձերբակալել էր ուզբեկ լրագրող Նարզուլլա Ախունժովովին, երբ վերջինս Թուրքիայից ժամանել էր Կիև:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Ինտերպոլի կարմիր ծանուցումների թիվը վերջին տասնամյակում աննախադեպ աճ է գրանցել՝ 2006թ. 2 804-ից մինչև 2018 թ. 12 878-ը: Ըստ վերջինիս և այլ հասարակական կազմակերպությունների, այդ ծանուցումները չարաշահվում են ռեպրեսիվ կառավարությունների կողմից՝  արտերկրում գտնվող ընդդիմադիրներին որսալու նպատակով:

Հուսեյնլին ասում է, որ իրեն դավաճանված է զգում Ուկրաինայի կողմից, որի «տարածքային ամբողջականությունը» նա միշտ աջակցել է Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։

«Բայց հիմա Ուկրաինայի իշխանությունն այսպես է վարվում ինձ հետ։ Նրանք ուղղակի ցանկանում են վաճառել ինձ»,- ասել է Հուսեյնլին։

Աղբյուրը՝ ‘Trust No One’: Exiled Azerbaijani Reporter Says He’s Being Hunted In Kyiv

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի