Սաակաշվիլիի գրքի թարգմանիչն արձագանքել է քննադատներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ««Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Երևանում երկու անգամ չեղարկվեց՝ արժանանալով հանրային բուռն քննարկման։ Բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաև Սաակաշվիլիի հասցեին։ Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը հոդված է գրել

Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի կրկնակի չեղարկումը մոտ տասնօրյա աղմուկ էր բարձրացրել, ինչը, բնականաբար դրականորեն ազդեց վաճառքի ցուցանիշների վրա: Սա, որպես հրատարակիչ, պարզ է՝ ինձ պիտի գոհացներ: Իսկ որպես թարգմանիչ առավել կարևորում եմ քննարկումները գրքի բովանդակության և Վրաստանի համար բեկումնային այդ ժամանակաշրջանի շուրջ:

Եվ ահա, նույնիսկ մինչև գրքի շնորհանդեսը սկսված քննարկումներից մեկը Վահան Իշխանյանի հոդվածն է, որը չափազանց տիպական է՝ գոնե այնքանով, որ իր մեջ բյուրեղացրել է Սաակաշվիլիի ամենաթունդ ընդդիմախոսների գրեթե բոլոր թեզերը (ռեժիմ, հաշվեհարդարներ, սպանություններ, քաղբանտարկյալներ, բռնաբարություններ…):

Իշխանյանի հոդվածում նշված փաստերը բազմաթիվ են: Դրանցից մեկը առավելապես գրավեց ուշադրությունս, որովհետև դրա հակափաստարկին հպանցիկ ծանոթացել էի դեռևս գրքի թարգմանության ընթացքում: Խոսքը քաղբանտարկյալների վերաբերյալ բացարձակացվող թեզի մասին է: Դրա հետևից գնալով դուրս եկա մի տեսանյութի վրա, որը դեռևս անցյալ տարվա նոյեմբերին ցնցել էր ֆեյսբուքի հայալեզու տիրույթն ու ծանոթ էր նաև ինձ:

Տեսանյութից շատ բան չի հասկացվում: Հայկական մեդիադաշտն էլ լավագույն դեպքում սահմանափակվեց հայտնելով, որ հատուկ գործողությամբ փորձում էին վնասազերծել Թբիլիսիում հայտնված «Իսլամական պետության» հետ ենթադրյալ առնչություններ ունեցող զինյալ խմբին: Սակայն անձնապես ովքեր էին ահաբեկիչները, հայալեզու որևէ տիրույթում ոչինչ չկա այդ մասին:

Իսկ չորս հատուկջոկատային վիրավորած և մեկ ոստիկան սպանած այդ ահաբեկիչների թվում էր Ահմեդ Չատաևը, ով իր մոտ եղած նռնակով ինքնասպան եղավ՝ չհանձնվելով իրավապահներին:

Բայց սա ի՞նչ կապ ունի Վ. Իշխանյանի հոդվածի հետ: Փորձենք հասկանալ:

Իշխանյանի հոդվածում և առհասարակ Սաակաշվիլիի ընդդիմախոսների քննադատություններում կարմիր թելի պես անցնում է քաղբանտարկյալների մասին թեզը: Ահա՝ հեղինակը բազմաթիվ հղումներ է անում վրացի իրավապաշտպան Նանա Կակաբաձեին, ով Սաակաշվիլիի ամենաթունդ ընդդիմախոսներից է, սովետական շրջանի այլախոհ.

2012-ին իշխանության եկած «Վրացական Երազանքը» խորհրդարանի միջոցով համաներում հայտարարեց, որի շրջանաակներում 190 հոգու քաղբանտարկյալ ճանաչեց: Նրանք բոլորն ազատ արձակվեցին: Ցուցակի կազմմանը և օրենքի մշակմանը մասնակցել է նաև Նանա Կակաբաձեն:

Այդ առիթով իրավապաշտպանը «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է. «Սա դեռևս բանտարկյալների առաջին ալիքն է, դեռ էլի մարդիկ են մնացել, որոնց գործերը մենք չենք հասցրել ուսումնասիրել, և նրանք դեռ շարունակում են բանտարկված մնալ: Շարունակում են քաղբանտարկյալի կարգավիճակ չունենալ նաև նրանք, ովքեր ազատ են արձակվել մինչև համաներումը, հուսով եմ՝ խորհրդարանը կհոգա այդ մասին»: Նույն հարցազրույցում Կակաբաձեն շարունակում է. «Մենք դեռ մինչև վերջ չենք գիտակցում այն բանի նշանակությունը, ինչ այսօր կատարվում է երկրում: Ներկայիս իշխանությունը, ազատելով նախորդ կառավարության կողմից հետապնդված մարդկանց, փաստացի ոչ ասաց քաղաքական հալածանքներին և քաղաքական հետապնդմանը»:

Կակաբաձեն, ըստ էության, հաստատում է, որ անձնապես բոլոր ազատ արձակվածների գործերին ծանոթ է եղել և բոլորին համարում էր քաղբանտարկյալ: Ազատ արձակվածների թվում էր նաև սկզբում հիշատակված «քաղբանտարկյալ» Ահմեդ Չատաևը, ով 2012-ի օրենքով ազատ արձակվելուց չորս տարի անց՝ 2016 թվականի հունիսի 28-ին, կազմակերպեց Ստամբուլի «Աթաթյուրք» օդանավակայանի միջազգային տերմինալում երեք պայթյուն: Ահաբեկչությանը զոհ գնաց 40 մարդ, վիրավորվեցին՝ 230-ից ավելի:

«Քաղբանտարկյալ» Չատաևի վրացական գործի էությունը հետևյալն էր: 2012թ. սեպտեմբերին (նախընտրական շրջանում) Դաղստանից ներթափանցած զինյալների խումբը խաղաղ բնակիչներից գերիներ էր վերցրել Վրաստանի Լոպոտի կիրճում: Սաակաշվիլին այս գործողությունը կապում էր նախընտրական շրջանում երկիրը հօգուտ Իվանիշվիլու ապակայունացնելու Ռուսաստանի նպատակի հետ: Չատաևը որպես միջնորդ պետք է հանդես գար զինյալների և իրավապահների միջև բանակցություններում: Սակայն, հասնելով զինյալներին, փոխհրաձգության մեջ է մտել իրավապահների հետ, վիրավորվել, հետո հանձնվել: Իշխանությունը պնդում էր, որ նրա գրպանում հանձնվելու պահին նռնակներ են եղել, ինքը՝ Չատաևը, հերքում էր նռնակների առկայությունը:

Չատաևի անունը 2015-ից կապվում էր նաև Իսլամական Պետության հետ: Նա զբաղվում էր Եվրոպայում ահաբեկիչների հավքագրմամբ, իսկ հետագայում հայտնվեց Սիրիայում՝ որպես ԻՊ 230 հոգանոց ստորաբաժանման հրամանատար: 2015-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նրան ճանաչեց ահաբեկիչ:

Եվ, վերջապես, 2017-ի նոյեմբերի 22-ին, արդեն Իվանիշվիլու «Վրացական երազանքի» օրոք, Թբիլիսիի Իսանի թաղամասում քսան ժամ տևած հակաահաբեկչական գործողության ընթացքում իր մահկանացուն կնքեց «քաղբանտարկյալ» Ահմեդ Չատաևը: Հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություն ունեցավ Կակաբաձեն, երբ «քաղբանտարկյալը» գնդակահարեց «ազատարարների» իշխանության ներկայացուցչին:

Ի դեպ Կակաբաձեն միակ իրավապաշտպանը չէ, որ պաշտպանում էր Չատաևին: Դեռևս 2003-ից Ահմեդը՝ որպես Չեչնիական պատերազմի մասնակից, ապաստան էր ստացել Ավստրիայում՝ խուսափելով ռուսական արդարադատությունից: 2008-ին դատապարտվել է Շվեդիայում՝ Կալաշնիկովի ինքնաձիգ և ռազմամթերք տեղափոխելու համար: Ազատ է արձակվել 2009-ին: 2010-ին, երբ ուկրաինացի իրավապահները ձերբակալել էին Չատաևին բջջայինում պայթուցիկ գործի գցելու ինստրուկցիայով հաղորդագրության համար, ուկրաինացի իրավապաշտպանները ևս սկանդալ էին բարձրացրել և կոչ արել Ավստրիային միջամտել գործին, թույլ չտալ Չատաևի արտահանձնումը նրան հետախուզող Ռուսաստանին: 2011-ին նրան ձերբակալել էին Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին՝ Չեչնիայում ահաբեկչություն ֆինանսավորելու համար (ըստ ՌԴ մեղադրանքի), և դատարանը որոշել էր արտահանձնել նրան Ռուսաստանին, սակայն այստեղ էլ իրավապաշտպանները հասան «փախստականի» արտահանձնման որոշումը բեկանելուն: Այս բոլոր դեպքերում, որոնք նախորդել են նրա՝ Վրաստանում 2012-ի ձերբակալությանը, նա գտնվել է Ավստրայի ապաստանի ներքո՝ որպես փախստական:

Թեև Սաակաշվիլին պնդում է, որ Չատաևն ու մյուսները 2012-ին գործում էին Ռուսաստանի պատվերով, սակայն այս տեսակետը ընդհանուր ժամանակագրության և փաստագրության ֆոնին չափազանց խոցելի է: Բանն այն է, որ Չատաևը, ինչպես նշվեց վերևում, Չեչնիայի պատերազմի կարևոր ֆիգուրանտներից էր: Ռուսաստանը 2003-ից ի վեր ջանում էր տարբեր երկրներում հասնել նրա արտահանձնմանը: Գոնե մակերեսորեն դիտելիս բոլոր փաստերը խոսում են այս դրվագում Ռուսաստանի օգտին:

Մեկ այլ կարծիքի համաձայն Չատաևը հենց Սաակաշվիլիի իշխանության դիվերսանտ էր: Այստեղ էլ հարցականի տակ է մնում, թե ինչո՞ւ պիտի ամենավճռական` նախընտրական պահին, Սաակաշվիլիի կադրը հարվածեր Սաակաշվիլիի կուսակցության ողնաշարին: Սրանք հարցեր են, որոնք կարող են հետագայում քննության առարկա դառնալ հետաքրքրված շրջանակի համար: Բայց այն, որ Չատաևը ահաբեկիչ էր, փաստ է ցանկացած վարկածի դեպքում:

Դեռ երկար կարելի է գրել ահաբեկիչ Ահմեդ Չատաևի գործունեության հայտնի դրվագների մասին, սակայն փորձենք ամփոփել: Այսպիսով, Սաակաշվիլիի օրոք նա արդեն բազմաթիվ անգամներ տարբեր աշխարհքաղաքական կողմնորոշում ունեցող երկրներում ձերբակալվել ու դատապարտվել էր: Այդ բոլոր դեպքերում նրան առաջադրված մեղադրանքները այս կամ այն կերպ կապ են ունեցել զինված ահաբեկչության հետ: Եվ վրացական դիպվածը ևս բացառություն չէր: Չատաևը անկասկած ահաբեկիչ էր: Սակայն Իվանիշվիլու իշխանությանը դեպքերի այլ զարգացում ու փաստերի այլաբնույթ ներկայացում էր անհրաժեշտ: Նրանք գալիս էին իբրև մեծ ազատարարներ: Եվ, խոշոր հաշվով, ի՞նչ կա ավելի գայթակղիչ քան տասը տարի հակառակորդիդ քննադաատած ու սևացրած իրավապաշտպանի հետ «ժողովրդավարական կոմպրոմիսի» գնալը:

Ի դեպ, Չատաևը քաղբանտարկյալների այդ ցուցակում Նանա Կակաբաձեի պաշտպանության ներքո գտնվող միակ ահաբեկիչը չէր: Նույն այդ ցուցակի նախնական տարբերակում կար նաև Մերաբ Կոլբայայի անունը: Վերջինս դատապարտվել էր 2010-ին ռուսական բանակի գնդապետ Եվգենի Բորիսովի կազմակերպած չորս դրվագով ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքով: Պայթյուններից մեկը տեղի էր ունեցել ԱՄՆ դեսպանատան տարածքում: 2012-ին, երբ կազմվում էր քաղբանտարկյալների ցուցակը, Կակաբաձեն ևս ներգրավված էր այդ աշխատանքներում: Երբ Մերաբ Կոլբայան դուրս թողնվեց ցուցակից Կակաբաձեն սկանդալ բարձրացրեց, հայտարարելով, որ ԱՄՆ դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին: Ինքը՝ դեսպանը, հերքում էր այդ տեղեկատվությունը (Սաակաշվիլին հաստատում է դեսպանի միջամտությունը իր «Ուժերի զարթոնք» գրքում):

Ցուցակում ընդգրկված «քաղբանտարկյալներ» էին նաև վեց «օրենքով գողեր».

Էլգուջա Դիգմելաջվիլի (հայտնի որպես Գուջա),

Ռևի Դարախվելիձե (հայտնի որպես Ռևի),

Բեսո Պապիաշվիլի (հայտնի որպես Բեսո),

Վլադիմիր Ձոցենիձե (հայտնի որպես Քութաիսցի Վալերա),

Գեորգի Կարանաձե (հայտնի որպես Յակիչ),

Ռևազ Սեսկուրիյա (հայտնի որպես Փոթիեցի Վեպխո):

Եվս մեկ տասնյակից ավելի «օրենքով գողերի» նախատեսվում էր բաց թողնել երկրորդ և երրորդ փուլով: Սա համարվում է 1992-ից ի վեր «օրենքով գողերի նկատմամբ ամենամասշտաբային համաներումը:

Վրաստանի քրեական օրենսգրքի 223 հոդվածը նախատեսում է, որ քրեական հեղինակությունները չեն կարող լինել ազատության մեջ: Այս հոդվածի ներմուծումը ժամանակին համարվում էր Սաակաշվիլիի կարևոր քայլերից մեկը՝ խիստ քրեականացված Վրաստանում (400-ից ավելի «օրենքով գող» և հանցավոր խմբավորում): Կակաբաձեն այդ ժամանակ հայտարարեց, որ դիմելու է Խորհրդրանին Քր.Օր.-ից 223 հոդվածը հանելու պահանջով. «Այդ հոդվածը խախտում է մարդու իրավունքները: Ցանկացած քաղաքացի կարող է այս կամ այն հայացքներն ունենալ, այդ թվում՝ կիսել «գողական» գաղափարախոսությունը: Դրա համար նրան բանտ նստեցնել, եթե նա օրենքներ չի խախտել, չի կարելի»:

Այստեղ հարկ է մեջբերել Սաակաշվիլիի գրքից մի հատված. «Մենք օրենք ընդունեցինք «Օրենքով գողերի մասին», որպեսզի հնարավորություն ունենանք նրանց նստեցնելու: Նրանք իրենց ձեռքով հանցագործություն չէին կատարում, բայց ղեկավարում էին կազմակերպված հանցավոր խմբավորումները» {էջ 121}:

Բազմաթիվ են վկայություններն այն մասին, որ հետսովետական տարածքի կրիմինալն օգտագործվում է միջպետական հատուկ գործողություններում, որպես բացառիկ «մարտունակ ստորաբաժանում»:

Այժմ Վրաստանի նոր իշխանությունները քրեականացրել են նաև «Օրենքով գողերին» դիմելը: Եվ սա բացառիկ ճիշտ որոշում է: Գողական արդարադտւթյունն ինքնին հանցագործություն չէ, բայց առավել հանցածին այլ երևույթ դժվար է մտաբերել: Այդտեղ՝ ստվերային արդարադատության «սեղանի» շուրջ, կայացվում են որոշումներ, որոնք քաղաքացիների համար կարող են կյանք արժենալ: Եվ, առհասարակ, պետությունը սկսվում է դատարանից, ու քաղաքացիական վեճերում արբիտրի դերը վերապահված պիտի լինի բացառապես դատարանին:

Կակաբաձեն «ՌԻԱ Նովոստիի» համար մեկնաբանում է «Անարդար և հակաժողովրդավարական է կալանավորել մարդուն միայն իր աշխարհայացի համար»:

Կակաբաձեն պաշտպանում է «գողական» համոզմունքի իրավունքը և երկիրը համեմատում 37 թվի սովետի հետ: Գտնում եմ, որ հարկ կա հիշելու նույն ժամանակի մեկ այլ ռեժիմ՝ ֆաշիստական Գերմանիան: «Արդարացի և ժողովրդավարական» բոլոր երկրներում ֆաշիզմին հարելու, այդ գաղափարը տարածելու համար քրեական հոդվածներ են սահմանված: Իսկ «գոողականությունը» պակաս սպառնալիք չէ «գողականությունից» տուժած երկրի համար, քան ֆաշիզմը՝ ֆաշիզմից տուժածների:

Կարծում եմ՝ այսքանը բավարար է պատկերացում կազմելու, որ Իվանիշվիլու «Վրացական երազանքը» և իրավապաշտպանները այնքան էլ անկեղծ չեն, երբ Սաակաշվիլիից բացարձակ որևէ դրական կողմ չունեցող հրեշ են կերտում, ով «ոչ մի բան չարած մարդկանց էր բանտերը նետում»: Ի դեպ, չգիտեմ «320.000 բանտարկյալ» դրոշակը որտեղից են հորինել, բայց Սաակաշվիլիի օրոք դատապարտյալների թիվը 7000-ից հասել է 23000-ի: Համեմատության համար ասենք, որ Հայաստանում մոտ 5-6 հազար դատապարտյալ կա:

Հիմա, նորից վերադառնալով Վահան Իշխանյանի «Կեղծիքի զարթոնք» հոդվածին, կրկնում եմ, որ այն տիպական է այնքանով, որքանով մի ողջ բևեռի հավաքական կարծիքն ու գեներացված թեզերն է ներկայացնում՝ հեղեղված սարսափազդու տեսարաններով, հրեշներով ու «բարի փերիներով»:

Վերջում, ազնիվ ընթերցողիս մոլորեցրած չլինելու համար, պիտի նշեմ, որ բոլոր 190 գործերին ծանոթ չեմ և չեմ բացառում, որ դրանց թվում կան մարդիկ, որ քաղբանտարկյալներ են եղել (օրինակ՝ Վահագն Չախալյանի վերաբերյալ Սաակաշվիլիի հայտարարությունները քաղաքական հետապնդման առերևույթ հատկանիշներ ունեն): Ահմեդ Չատաևի և մնացյալների գործի ուսումնասիրությունից անհրաժեշտաբար չի բխում, որ Սաակաշվիլիի ժամանակ խնդիրներ չեն եղել իրավականության հետ, փոխարենը ակնհայտ է դառնում, որ «անմեղ տեղը բանտարկված քաղաքացիների» մասին թեզը առնվազն հարյուր տոկոսանոց ճշմարտություն չէ:

Եվ, առհասարակ, որևէ պատմական կերպարի, քաղաքական գործչի հասցեին հնչեցված «բացարձակ ճշմարտությունները», որպես կանոն կառուցվում են կեղծիքի և մանիպուլացիայի վրա: Ասվածի փայլուն դրսևորումն են Վահան Իշխանյանի «Կեղծիքի զարթոնք» հոդվածի աղբյուրային նյութերը: Այդ նյութերով կառուցված հոդվածի համար ավելի լավ վերնագիր, քան «Կեղծիքի զարթոնքն» է հնարավոր չէր ընտրել: Նույնիսկ կփոխառեի, եթե «Վրացական երազախաբությունը» մտքիս եկած չլիներ:

Լուսանկարը՝ Aliq.ge-ի

Մեկնաբանել