Թուրքիայի խոշորագույն մեդիա հոլդինգն անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu), վաճառվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Էրդողան Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):

«Դողան մեդիա խմբի» մեջ մտնում են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, ինչպես նաև «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ գործարքը կարող է արժենալ 1,2 միլիարդ դոլար: 

Լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպություններից մեկի վաճառքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրում մամուլի գերակշիռ մասը վարում է ընդգծված կառավարամետ քաղաքականություն։ Վերջին տարիներին ընդդիմադիր փոքրաթիվ լրատվամիջոցները ճնշվել են, ավելի քան 150 լրագրող հայտնվել է ճաղերի հետևում։

Ինչպես նկատել է «Դողան»-ի պաշտոնյաներից մեկը, «սա պատմական պահ է թուրքական մամուլի համար» և շարունակել, որ «հիմա դժվար ժամանակներ են»։ 

«Բոլորը տխուր են։ Սակայն կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ դա անխուսափելի էր»,- ասել է նա։