ԱՄՆ-ում հանել են Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքները

ԱՄՆ-ի դաշնային դատախազները հանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի դեմ մեղադրանքները, որոնք մեղադրվում էին անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանության առաջ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու մեջ։

2017-ի նոյեմբերին մեղադրանքները հանվել էին թիկնապահներից չորսի նկատմամբ, իսկ այս տարվա փետրվարի 14-ին՝ ԱՄՆ-ի արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցից առաջ, մեղադրանքները հանվել էին Էրդողանի անվտանգության ծառայության ևս յոթ անդամի նկատմամբ։ 

The Wall Street Journal պարբերականը նշում է, որ նման քայլերը վկայում են երկու պետությունների միջև լարվածությունը թուլացնելու Վաշինգտոնի ձգտման մասին։ 

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հատկապես Սիրիայի հարցում դիրքրոշումների տարբերությամբ պայմանավորված։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական օգնություն է տրամադրում Սիրիայի քրդական զինուժին, որին Թուրքիան համարում է իր տարածքում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղավորում։

***

2017թ․ մայիսի 16-ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով էին դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ ակտիվիստները: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ տեղի ունեցած միջադեպի մասին, որում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, իր թիկնապահներին հրահանգում է հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։