ԵՄ-ին անդամակցությունը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ․ Էրդողան

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուլղարիա մեկնելուց առաջ, որտեղ կայանալու է Թուրքիա-ԵՄ հերթական գագաթաժողովը։

Էրդողանը լրագրողներին ասել է, որ հորդորելու է ԵՄ-ին վերացնել Թուրքիայի անդամակցության «քաղաքական և արհեստական խոչընդոտները» և վերակենդանացնել անդամակցության բանակցությունները։

1963թ․ Թուրքիան ԵՄ-ի հետ կնքել է ասոցացման մասին համաձայնագիր, 1987-ին անդամակցության հայտ ներկայացրել։ Սակայն բանակցություններն սկսվել են միայն 2005-ին՝ պարբերաբար ընդհատվելով քաղաքական տարաձայնություններով պայմանավորված։ Ներկայում բացված է բանակցությունների 35 գլուխներից 16-ը։

ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են 2016-ի ամռանը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո․ Բրյուսելը քննադատել է թուրքական իշխանությունների արձագանքը՝ զանգվածային ձերբակալությունները, խոսքի ազատության ճնշումը, և դադարեցրել է նոր գլուխների բացման նախապատրաստությունը։

Վերջին տարիներին Էրդողանը պարբերաբար հայտարարել է «Եվրամիության գաղափարից չկառչելու» , «Եվրամիության դռների մոտ տասնամյակներով սպասելուց հոգնած լինելու» մասին։

Մեկնաբանել