Կեմերովո․ հարյուրավոր զոհերի մասին լուրեր և Պուտինի հրաժարականի կոչեր

Կիրակի օրը Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 64 մարդ։ Ցուցակը, սակայն, ամբողջական չէ։ Հիվանդանոցներում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ, փլատակների մաքրման աշխատանքները չեն ավարտվել։ 

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուն կրթությամբ խոհարար է, բուն շենքը՝ վերափոխված հրուշակեղենի ֆաբրիկա։ Սեփականատերը բաժնետիրական խճճված սխեմայով միլիարդատեր Դենիս Շտենգելովն է, որը որպես ֆիզիկական անձ առևտրի կենտրոնի համասեփականատերն է և նույնիսկ անձամբ ծանոթ չէ տնօրենի հետ։ 

ՌԴ նոր վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցած աղետն անվանել է «հանցավոր անփութություն»։

«Ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ։ Չէ որ ռազմական գործողություններ չեն, մեթանի անսպասելի արտանետում չէ։ Մարդիկ եկել էին հանգստանալու, երեխաներ»,- ասել է Պուտինը։ Այսօր՝ վաղ առավոտյան, նա ժամանել է դեպքի վայր և զննել հրդեհված շենքը։ 

Մինչդեռ Կեմերովոյում հարյուրավոր մարդիկ իշխանություններից պահանջում են զոհվածների ստույգ տվյալներ հրապարակել։ Նրանք նաև պահանջում են Պուտինի հրաժարականը։ 

Վերջին մեկ օրվա ընթացքում սոցցանցերում շատ են հաղորդագրություններն այն մասին, որ հրդեհն իրականում խլել է հարյուրավոր կյանքեր և իշխանությունները փորձում են կոծկել իրական թվերը։