ՌԴ դիվանագետներ կարտաքսվեն նաև Ավստրալիայից

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլն ու արտգործնախարար Ջուլի Բիշոփը համատեղ հայտարարություն են տարածել երկրից երկու ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու մասին։ Նրանք պետք է լքեն Ավստրալիան առաջիկա 7 օրվա ընթացքում։

«Ավստրալիան շարունակում է հանձնառու մնալ դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ գործողություններին՝ զսպելու Ռուսաստանին այն դեպքերում, երբ նրա գործողությունները սպառնում են միջազգային անվտանգությանը»,- Reuters-ը մեջբերում է հայտարարությունը։

Իսլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ համաձայնագրերի կասեցման մասին։

Նախօրեին ի նշան համերաշխության Լոնդոնի հետ ԱՄՆ-ը, Կանադան և մոտ երկու տասնյակ եվրոպական երկրներ հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին՝ ավելի քան 130 մարդ։ Մոսկվան արձագանքել է՝ խոստանալով համաչափ պատասխանել։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունն անգամ Թվիթերի օգտատերերին առաջարկում է ընտրել՝ Ռուսաստանի տարածքում ամերիկյան որ հյուպատոսությունը փակել։ Ցանկում են Վլադիվոստոկի, Եկատերինբուրգի կամ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունները։

Մեկնաբանել