Արցախում ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած դեպքի շուրջ

Մարտի 26-ին epress.am կայքում հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերնագրով հոդված, որը պատմում է ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը»,- ասված է հոդվածում։

Ըստ հրապարակման՝ երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ «Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի»։ Ստեփանակերտում Ասյայի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։

Epress-ը շարունակում է, որ վերադառնալով Երևան՝ Ասյան դիմում է դատախազություն, ինչից հետո նրա տուն են այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա «առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն՝ քննիչ Դավիթի մոտ»։ Կայքը դեպքի շուրջ տեսանյութ է հրապարակում։

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն արձագանքել է հրապարակմանը՝ տեղեկացնելով, որ «ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում»:

«Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը տեսանյութում և լրատվական նյութում ներկայացված է ոչ ամբողջական և մասնակիորեն սխալ: Իրականում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը Ա.Խաչատրյանին պարզաբանել է նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել է օգտվել դրանցից: Իսկ քաղաքացին նշել է, որ իր պնդումները ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կներկայացնի գրավոր: Սակայն նշված փաստերով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ գրավոր բողոք չի ստացել:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելու է հետևողական Ա.Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Քննարկման հետագա ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Արցախում իրավական մշակույթի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը եղել և մնում է ԱՀ մարդու իրավունքների հաստատության հավատամքը և առաջնային առաքելությունը»:

Մեկնաբանել