ԱԻՆ փորձագետները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոններում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ներկայում ստուգումներ են անցկացվում առևտրի կենտրոններում։

«Չնայած զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ ՀՀ ԱԻՆ կողմից տարածված տեղեկատվությանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում: Հայտնում եմ, որ…

2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն): Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»:

Կիրակի օրը Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան վեց տասնյակ մարդ։ Ըստ սոցցանցերում և քաղաքում շրջանառվող լուրերի՝ իրականում զոհերն ավելի շատ են, և իշխանությունները պարզապես չեն հրապարակում իրական թվերը։