Երևանն ու այլ շրջաններ Ադրբեջանի «պատմական տարածքներ» հռչակելը՝ Բաքվի «կրեատիվության» դրսևորում․ Նալբանդյան

Ադրբեջանը հրաժարվում է հարգել և իրականացնել կրակովյան պայմանավորվածությունները՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի թիմի կարողությունները ավելացնելու շուրջ․ այսօր Երևանում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ բանակցությունների արդյունքներով ասուլիսին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին և անտրամաբանական:

Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային և տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբրև թե եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների հիման վրա է շարունակվելու: Ինչ կրեատիվության մասին է խոսքը: Միգուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձևակերպեմ, ոչ այդքան առողջ երևակայությունից:

Այդպիսի կրեատիվության դրսևորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երևանը, և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ: Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսևորում` մշտական ուժի սպառնալիքը: Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից և տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն: Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ, պարզունակ առաջարկություններ էին:

Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ, սպասելոով, որ այդ առաջարկները դառնան իրենց համար ընդունելի կրեատիվ»,- ասել է Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ալիևի հնչեցրած այն միտքը, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո «ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների այսպես ասած «կրեատիվ» գաղափարների վրա»։

Մեկնաբանել