Արցախին պետք է բաց հասարակություն

Մի քանի օր առաջ հերթական այցով Արցախում էի, որտեղ այս անգամ հրավիրվել էի դասախոսություն կարդալու «Քաղաքացիական լրագրություն» թեմայով։

Մեկ ամբողջ օր անցկացրեցի տասնյակից ավելի մարդկանց հետ, ովքեր լրագրողներ չէին, սակայն հետաքրքրված են քաղաքականությամբ և լրագրությամբ։ Մեր քննարկման մոտավոր թեման էր` «Արցախը պետք է լինի անկա՞խ, թե՞ Հայաստանի Հանրապետության մաս»։

Քննարկումների ընթացքում հերթական անգամ բախվեցի մի իրականության, որը ծանոթ էր ինձ՝ Արցախում չկան բավարար չափով քաղաքական ու քաղաքացիական ազատություններ, մարդիկ չեն բարձրաձայնում անգամ սոցիալական խնդիրների մասին, քանի որ կարող են աշխատանք կորցնել։

Ես հանպատրաստից բացականչեցի․

– Արցախի հասարակությունը չի վախենում միայն Ադրբեջանից ու նրա կողմից հնչող պատերազմական սպառնալիքներից։

Բոլորս բարձրաձայն ծիծաղեցինք ու շարունակեցինք քննարկումները։

Եթե աղջկա հետ դեպքը պատահած լիներ Վարդենիսում կամ Ապարանում, Չարբախում կամ Քանաքեռում, ապա այն քննարկման առարկա էր դառնալու ոստիկանություն-հասարակություն հարթության վրա

Սա, անշուշտ, գաղտնիք չէ։ Արցախում, ինչպես Հայաստանի մարզերից շատերում, չկան քաղաքական ու քաղաքացիական ազատություններ կամ դրանք տարբեր ձևերով իշխանությունների և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից ճնշվում են։ Եթե կուզեք, մեծ հաշվով, Երևանում ևս չկան բավարար չափով քաղաքական ու քաղաքացիական ազատություններ, բացի, թերևս, Կենտրոնի։

Այս օրերին շատ է գրվում և խոսվում Արցախ այցելած երևանցի երիտասարդ աղջկա հետ կապված տհաճ ու դատապարտելի միջադեպի մասին։ Ցավալիորեն, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ուշադրություն են դարձնում ոչ թե կոնկրետ դեպքի, այլ անուղղակի կամ գիտակցաբար խնդիրը տեղափոխում են «հայաստանցի-արցախցի» հարթություն։

Եթե աղջկա հետ դեպքը պատահած լիներ Վարդենիսում կամ Ապարանում, Չարբախում կամ Քանաքեռում, ապա այն քննարկման առարկա էր դառնալու ոստիկանություն-հասարակություն հարթության վրա։

Հետևաբար, Արցախում կատարված (ես գրեթե կասկած չունեմ, որ նման բան կատարվել է, բայց նաև սպասենք հետաքննությանը) դեպքը ևս պետք է քննության ու քննարկման նյութ դարձնել ոստիկանություն-հասարակություն, իշխանություն-ժողովուրդ, իշխողներ-իշխվողներ հարթության վրա։

Մյուս կողմից, պատրանքներ չունենք, որ Արցախի ոստիկանությունը և քաղաքական վերնախավը կփորձի բացահայտել բոլոր մանրամասները և մեղավորներին պատժել։ Արցախում և Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման աղաղակող, սակայն պարտակված դեպքերը սկսած անկախության առաջին իսկ օրվանից։

Երբ Պավլիկ Մանուկյանը ծեծվում էր ու ստորացվում այն ժամանակ Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի կաբինետում, ո՞վ պատասխան տվեց կամ ո՞ր քաղաքական ուժը հետամուտ եղավ գործի մանրամասների բացահայտմանը և հանրայնացմանը։

Երբ օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հարձակման ենթարկվեց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ո՞վ պատասխան տվեց։

Ես կարող եմ նշել բազմաթիվ նման դեպքեր ևս։

Հայ հասարակությունը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, պետք է ծայր անհանդուրժողականություն դրսևորի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների բոլոր դեպքերում, դրանք, սակայն, չտանելով «հայաստանցի-արցախցի», «հայաստանցի-սփյուռքցի» մակարդակներ։

Պավլիկ Մանուկյանի, Հայկ Խանումյանի, սիգարետը ձեռքին կապույտ մազերով երևանցի աղջկա, վերջերս Բեյրութում Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ կատարված բռնությունները պետք է առաջին հերթին հասարակությո՛ւնը դատապարտի։ Քանի դեռ հասարակությունը չի անում դա, բավարար չի ճնշում իշխանությունների վրա, ապա մեզ ծեծելու են Երևանում, Ստեփանակերտում, Ապարանում, Շուշիում և որտեղ ուզեք։ Իշխանությունը, ոստիկանությունը ամեն քայլափոխի պետք է զգա հանրության ճնշումը և ոչ հակառակը։

Շատ վտանգավոր է նաև կենցաղային ամեն մի դեպք քաղաքականացնել ու տեղափոխել «հայաստանցի-արցախցի» տիրույթ, որովհետև, այդ դեպքում ավտորիտար իշխանությունները և նրանց մունետիկները խեղդելու են բաց հասարակություն, ժողովրդավարական Արցախ ու Հայաստան ունենալու արդարացի ձայները՝ հայտարարելով, թե մեր ուզածը հայաստանցիների ու արցախցիների, այն է՝ նույն ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելն է։

Կապույտ մազերով երևանցի աղջկա դեպքը բացահայտելը և մեղավորներին պատժելը պետք է դառնա Արցախի իշխանությունների ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանի պատվի հարց։

Բավական է մեզ կերակրեք ադրբեջանական սպառնալիքներով ու թշնամու ջրաղացին ջուր լցնելու ձեր պարզունակ հնարքներով։

Ոչ մեկը Արցախում կամ Հայաստանում չի վախենում ադրբեջանական սպառնալիքներից։

Ոչ մեկը ադրբեջանական ջրաղացին այնքան ջուր չի լցնում, որքան կոռումպացված, անարդար, ժողովրդին վախի ու կեղեքման մեջ պահող իշխանությունները։

Լինեն դրանք Հայաստանում կամ Արցախում, Վարդենիսում կամ Ստեփանակերտում։