ՆԱՏՕ-ն նույնպես ռուսաստանցիների է արտաքսում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի առաքելության յոթ աշխատակից արտաքսելու և ևս երեքի հավատարմագրումը մերժելու մասին։ Ավելի վաղ ի նշան համերաշխության Մեծ Բրիտանիայի հետ՝ ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին հայտարարել էր ավելի քան 20 երկիր։

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ռուսաստանյան առաքելությունը կրճատվում է 30-ից 20-ի։

«Այս քայլով մենք Ռուսաստանին հստակ հասկացնում ենք, որ նրա անընդունելի և վտանգավոր վարքագիծը կունենա գին և հետևանքներ։ Եվ սա պատասխան է Սոլսբերիում տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանից կառուցողական պատասխանի բացակայությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը թերագնահատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների «միասնության աստիճանը»։

Ուշագրավ է, մինչդեռ, որ Հյուսիսատլանտյան դաշինքում երկրորդ խոշորագույն բանակն ունեցող Թուրքիան հայտարարել է, որ «Սկրիպալի գործով» Ռուսաստանի դեմ որևէ գործողություններ չի ծրագրում։

Մեկնաբանել