Թուրքական մեդիայի 90 տոկոսն այլևս անկախ չէ․ «Ջումհուրիեթի» լրագրող

Թուրքական «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի լրագրող Այդըն Էնգինը Սիվիլնեթին տված հարցազրույցում նշում է, որ թուրքական մեդիայի մոտ 90 տոկոսն անկախ չէ և վերածվել է Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության պաշտոնական օրգանի։

– Վերջին օրերին Թուրքիայում ամենշատ քննարկվող հարցը «Դողան» մեդիա ընկերության վաճառքն է։ Ասում են՝ թուրքական մեդիա դաշտում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում։ Հայաստանցի ընթերցողին կպատմե՞ք «Դողան» մեդիա ընկերության, նրա կազմում ընդգրկված լրատվամիջոցների մասին։

«Դողանը» Թուրքիայի ամենամեծ մեդիա ընկերությունն է։ Բավական է ասել, որ ամբողջ թուրքական մեդիադաշտի 38 տոկոսը պատկանում է այս ընկերությանը․ սրանով ամեն ինչ ասված է։ Հոլդինգի սեփականատեր Այդըն Դողանը Թուրքիայի ամենահին մեդիամագնատն է։ «Դողան» հոլդինգը, որն ընդգրկում է հեռուստաընկերություններ, տպագիր թերթեր և շաբաթաթերթեր, շուրջ 40 տարի է՝ գործունեություն է ծավալում։

«Դողան» հոլդինգին պատկանող հեռուստաընկերություններից կարելի է առանձնացնել Քանալ Դ (Kanal D), Սի ԷՆ ԷՆ Թյուրքը (CNN Türk), TV 2-ը, տպագիր մամուլից՝ «Հուրիյեթը» (Hürriyet), «Փոսթա»-ն (Posta), «Ֆանատիկը» (Fanatik), որը մարզական լրագիր է։ Այս ընկերության կազմում են նաև մի քանի ռադիոընկերություններ՝ մասնավորապես Radyo D-ն, Radyo Foreks-ը և բազմաթիվ շաբաթաթերթեր։ Բացի այդ, այս ընկերությանն է պատկանում մի մեծ տպագրատուն, ինչպես նաև թերթեր ցրող ամենամեծ կազմակերպությունը՝ YaySat-ը (ՅայՍաթ)։

– Ուզում եմ հասկանալ «Դողան» հոլդինգի տեղը թուրքական մեդիա դաշտում։ Այն ավելի շատ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուղղվածություն ունի։ Առհասարակ, նրա կազմի մեջ մտնող լրատվամիջոցները ինչպե՞ս են մեկնաբանում ու գնահատում կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությունը։

Սխալ կլինի ասել, թե «Դողան»-ն ընդդիմադիր դաշտում է։ Երկար ժամանակ այն հիմնական մեդիայի, հիմնական հոսանքի մի մասն է եղել։ Բայց անցած շաբաթ «Դողան» հոլդինգը վաճառվեց «Դեմիրյորեն» ընկերությանը, որը կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մերձավոր գործընկերն է։ Իսկ սեփականատեր Այդըն Դողանը մի քանի օր առաջ պաշտոնապես հայրատարարեց, որ վերջնականապես հեռանում է լրատվական աշխարհից։

– Այդըն Դողանի նկատմամբ որևէ ճնշում եղե՞լ է, արդյոք նրան ստիպե՞լ են վաճառել իր մեդիա կայսրությունը։

Այդ մասին որևէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, սակայն, կարելի է ասել, որ ճնշում եղել է։ Սկզբում հարկային դաշտում Այդըն Դողանի համար դժվարություններ հարուցեցին, սակայն դա կարծես բավարար չեղավ և արեցին այնպես, որ նա հեռանա մեդիա աշխարհից։

Թուրքական մեդիայի համար ի՞նչ է նշանակում «Դողան»-ի վաճառքը։ Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայում մեդիայի անկախությունը կնվազի, թուրքական մեդիան կարո՞ղ ենք անկախ համարել։

Այդ վաճառքից հետո կարող ենք ասել, որ թուրքական մեդիայի մոտ 90 տոկոսն այլևս անկախ չէ և վերածվել է «Արդարություն ու զարգացում» կուսակցության պաշտոնական օրգանի։ Մնացել է միայն մեկ անկախ լրատվամիջոց՝ «Ջումհուրիեթը»։ Կան ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթեր, ինչպիսիք են օրինակ «Բիրգյունի» ու «Էվրենսելի» պես փոքր թերթերը, որոնք երկուսն էլ Թուրքիայում ոչ մեծ կշիռ ունեցող սոցիալիստական կուսակցությունների օրգաններն են։

Ոչ, թուրքական մեդիան անկախ համարել չենք կարող։ Շատ դժվար, չափազանց դժվար է խոսել անկախ լրագրության մասին մի ժամանակաշրջանում, երբ անընդհատ բանտում հայտնվելու վտանգի առաջ ես։

Զրուցեց Գոռ Երանյանը

Մեկնաբանել