Ողբերգական օր The Halo Trust-ի ընտանիքում

Բրիտանական The Halo Trust ոչ կառավարական կազմակերպությանը պատկանող մեքենան ականի վրա պայթել է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում։ Զոհվել են երեք ականազերծողներ, ևս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ։

Սա առաջին դեպքն է, երբ չպայթած ականի զոհ են դառնում մարդիկ, որոնք, վտանգելով իրենց կյանքը, Արցախում հազարավոր ականներ են մաքրել, հեկտարներով դաշտեր բացել, որոնց վրա հայ գյուղացին ցորեն է ցանում ու ծառ տնկում։

Աշխարհում ականազերծմամբ զբաղվող անենահին և ամենամեծ կազմակերպությունը՝ The Halo Trust-ը, Արցախում հաստատվել է 2000 թվականին։ Տարբեր աղբյուրներից, այդ թվում վերջին տարիներին նաև հայկական սփյուռքից ֆինանսական միջոցներ ներգրավելով, The Halo Trust-ը ոչ միայն մարդկանց հեռու է պահում վտանգից, անուղղակի օժանդակում գյուղատնտեսությանն ու անասնապահությանը, այլ ստեղծում հարյուրավոր աշխատատեղեր։ Կազմակերպության ականազերծողները, որոնց թվում քիչ չեն նաև կանայք, հիմնականում Արցախից են։

Ական ցանելը տասնապատիկ անգամ էժան է, քան դրանք գտնելը և վնասազերծելը։ Հազարավոր հակահետևակային ու հակատանկային ականներ են ցանվել պատերազմի ողջ ընթացքում։ Ռազմական գործողությունների որոշ հատվածներում դրանք ցանվել են մի քանի անգամ, քանի որ տարածքը պատերազմող մեկ կամ մյուս կողմի վերահսկողության տակ է անցել։ Բացի այդ, հրետակոծության ընթացքում միշտ չէ, որ ռումբերը պայթում են։ 1992-1994 թվականներին ադրբեջանական օդուժը նետել է երկու տեսակի կասետային ռումբեր՝ հակատանկային-բեկորային և գնդիկավոր-բեկորային։

Եթե մինչև վերջերս The Halo Trust-ը ականազերծման աշխատանքներ էր կատարում հիմնականում Արցախի արևելքում, այդ թվում շփման գծի մոտ հատվածներում, ապա այժմ ականներից մաքրում է Քաշաթաղի շրջանը։

1994-ի զինադադարից ի վեր միայն Արցախում գրանցվել են ականի վրա պայթելու տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով տուժել է 330 մարդ՝ վիրավոր կամ զոհ։

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդը հրթիռակոծեց Մարտակերտ քաղաքն ու շրջակա գյուղերը, Մարտունու և Հադրութի շրջանների մի շարք բնակավայրեր։

The Halo Trust-ը դրական արձագանքեց Արցախի կառավարության խնդրանք-առաջարկին՝ որոնողական և ականազերծման աշխատանքներ սկսել ապրիլյան դեպքերից հետո ռմբակոծված տարածքներում։

Մինչև ապրիլյան պատերազմը հույս կար, որ առաջիկա տարիներին Արցախի ողջ տարածքը կմաքրվի ականներից։ Սակայն քառօրյայից հետո ականապատ դաշտերը ավելացան ևս 2,4 մլն քառակուսի մետրով։ The Halo Trust-ի պատասխանատուները նախազգուշացնում էին, որ ապրիլյան պատերազմից հետո կասետային խիստ վտանգավոր ռումբերի առատությամբ հատկապես առանձնանում է Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող 200 հեկտար տարածքը։

Դա համապատասխանում է այն տարածքին, որտեղ այսօր ականի վրա պայթել և կյանքն են կորցրել երեք ականազերծողներ։

Մեկնաբանել