Նոր բիզնես Սեբաստիայում և դաշնակցական պաշտոնյայի շահերի բախում

Կառավարությունը մարտի 29-ի նիստին հավանություն տվեց «Խարիսխ» համահայկական, մշակութային, բարեգործական հիմնադրամի ներդրումային ծրագրին։ Իսկ Երևանի քաղաքապետարանը ուղղակի վաճառքի տեսքով հիմնադրամին է օտարելու Սեբաստիա թաղամասում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող 1,1 հեկտար տարածքը։ Տարածքը քաղաքապետարանի կողմից հիմնադրամին կվաճառվի շուրջ 160 000 դոլարով։ «Խարիսխ» հիմնադրամը ստեղծվել է ընդամենը մեկ ամիս առաջ ու գրանցված է Երևանի Հանրապետության 30 հասցեում։ Այս հասցեում է գտնվում ՀՅԴ կենտրոնական գրասենյակը։ «Խարիսխ» հիմնադրամի հիմնադիրը Անտառային պետական կոմիտեի դաշնակցական ղեկավար Միքայել Մանուկյանն է (լուսանկարում)։

Ըստ կառավարության հիմնավորման՝ հիմնադրամը մտադիր է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը կներառի գրասենյակային տարածքներ, կոնֆերանս դահլիճներ, ցուցասրահներ, գրադարաններ, մարզադահլիճ, լողավազան, սրճարան։ «Նոր կենտրոնը կնպաստի Հանրապետությունում երիտասարդական ազգային մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

«Խարիսխ» հիմնադրամը նախատեսում է ստեղծել 80 նոր աշխատատեղ և երեք տարում կատարել 22 միլիոն դոլարի ներդրում։

Հանրապետություն 30 հասցեում Հիմնադրամի և ՀՅԴ կենտրոնական գրասենյակի գրանցումը պատահական չէ։ «Խարիսխ» հիմնադրամի հիմնադիրը Անտառային պետական կոմիտեի դաշնակցական ղեկավար Միքայել Մանուկյանն է։ Ներդրումային ծրագրի հեղինակ հիմնադրամի տնօրենը բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի (Հայանտառ) արտադրության կազմակերպման բաժնի պետ, դաշնակցական Սասուն Աղայանն է։ Վերջինս, սակայն, իրավունք չուներ զբաղեցնելու «Խարիսխ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։

Բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի աշխատակազմում ծառայությունը հանդիսանում է քաղաքացիական ծառայություն, որի վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված արգելքները։ Դրանց համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերից։ Հետևաբար Սասուն Աղայանն իրավունք չուներ զբաղեցնելու «Խարիսխ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Դրանով նա փաստացի խախտել է հանրային ծառայության հետ անհամատեղելի այլ գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Սասուն Աղայանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Սասուն Աղայանը այլ ընկերությունում ևս ներգրավված է։ Նա հանդիսանում է «Ամինտաս գրուպ» ՍՊԸ-ի 30 տոկոսանոց բաժնետեր։ «Ամինտաս գրուպը» գույքի գնահատման կազմակերպություն է։ Այս ընկերությունում բաժնեմաս ունի նաև Անտառային պետական կոմիտեի ղեկավար Միքայել Մանուկյանի որդին՝ Վաղինակ Մանուկյանը՝ 40 տոկոսի չափով, և Արագածոտնի մարզպետ, դաշնակցական Աշոտ Սիմոնյանը՝ 30 տոկոսի չափով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանն ասում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ պետական պաշտոնյաներն իրենց աշխատանքին զուգահեռ անհամատեղելի այլ պաշտոն ևս զբաղեցնում են։ «Այս դեպքերը մնում են անվերահսկելի, չնայած որ օրենքը հստակ արգելքներ է սահմանում։ Սրանք պետք է հիմք հանդիսանան համապատասխան վարույթներ սկսելու, իսկ ապացուցվելու դեպքում՝ պատասխանատվություն սահմանելու համար»,-ասում է փորձագետը։

Անտառային կոմիտեն երկար տարիներ ղեկավարում են Դաշնակցության ներկայացուցիչները։ 13 տարի «Հայանտառը» ղեկավարում էր դաշնակցական, նախկին պատգամավոր Մարտուն Մաթևոսյանը։ 2017-ի հունիսի 17-ին «Հայանտառի» ղեկավար նշանակվեց մեկ այլ դաշնակցական՝ Միքայել Մանուկյանը, իսկ նոյեմբերին «Հայանտառը» վերակազմավորվեց, դարձավ կոմիտե ու սկսեց աշխատել բնապահպանության նախարարության ենթակայության տակ։ Բնապահպանության նախարարը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։

Մոնթե Մելքոնյան փողոցում ներդրումներ կատարելու մասին հայտարարել էր նաև «Պարկ գրուպ» ընկերությունը։ Այն պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին, կառավարությունը այդ ներդրումային ծրագրին ևս հավանություն էր տվել ու հողամաս օտարել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել