Ի՞նչ գիտեն ձեր մասին Facebook-ն ու Google-ը

Բրիտանական The Guardian-ում հրապարակվել է տվյալների խորհրդատու և վեբ ծրագրավորող Դիլան Քըրենի (Dylan Curran) հոդվածը, ով լայնածավալ հետազոտություն է իրականացնում տեխնիկական իրազեկման և թվային էթիկայի բարելավման նպատակով: Հոդվածում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպես են Google-ն ու Facebook-ը հավաքագրում մեր ինֆորմացիան՝ առանց մեր իսկ գիտակցման։

Google- ը գիտի, թե որտեղ եք եղել

Google-ը պահում է ձեր գտնվելու վայրի մասին տեղեկությունը (եթե միացրել եք location tracking ծառայությունը) ամեն անգամ, երբ միացնում եք ձեր հեռախոսը: Դուք կարող եք տեսնել ամբողջ ժամանակացույցը՝ սկսած հենց այն վայրկյանից, երբ սկսեցիք օգտագործել հեռախոսը Google մուտք գործելու համար։

Google-ը գիտի այն ամենը, ինչ երբևէ որոնել եք և ջնջել

Google-ը պահպանում է որոնման պատմությունը ձեր բոլոր սարքերում: Դա կարող է նշանակել, որ եթե նույնիսկ մեկ սարքում ջնջեք ձեր որոնման պատմությունը և հեռախոսի պատմությունը, այն կարող է դեռևս ունենալ այլ սարքերից պահված տվյալներ:

Google-ը Ձեր տվյալների հիման վրա կազմում է գովազդային պրոֆիլ

Google-ը գովազդային պրոֆիլ է ստեղծում` հիմնվելով ձեր տեղեկատվության վրա, ներառյալ ձեր գտնվելու վայրը, սեռը, տարիքը, հոբբիները, կարիերան, հետաքրքրությունները, անձնական հարաբերությունների կարգավիճակը, հնարավոր քաշը (ինչպես կորցնել 5 կգ մեկ օրվա ընթացքում) և եկամուտը:

Google-ը գիտի բոլոր հավելվածները, որոնք օգտագործում եք

Google-ը պահում է ձեր օգտագործած յուրաքանչյուր հավելվածի մասին տեղեկատվությունը: Նրանք գիտեն, թե որքան հաճախ և որտեղ եք օգտագործում դրանք, և ում հետ շփվելու նպատակով։ Դա նշանակում է, որ նրանք գիտեն՝ ում հետ եք խոսում Ֆեյսբուքում, որ երկրներից, և երբ եք քնում:

Google-ն ունի ձեր YouTube-ի ողջ պատմությունը

Google-ը պահում է ձեր YouTube-յան ամբողջ պատմությունը, այնպես որ նրանք հավանաբար գիտեն՝ եթե շուտով ծնող եք դառնալու, կամ ինչ քաղաքական հայացքների եք հարում, ձեզ ճնշված եք զգում կամ մտածում եք ինքնասպանության մասին, անորեքսիկ եք, ձեր ազգությունը, կրոնը, և այլն …

Google-ի՝ Ձեր մասին ունեցած տեղեկությունը կարող է ծավալով հավասար լինել միլիոնավոր Word ֆայլերի
Google-ը տալիս է ձեր մասին իր պահած բոլոր տվյալները ներբեռնելու հնարավորություն։ Ես ներբեռնել եմ, և այն 5.5GB ծավալ ունի, ինչը գրեթե 3 միլիոն Word փաստաթղթի չափ է։

Այս հղումը ներառում է ձեր էջանիշները, յուրաքանչյուր նամակ, որ երբևէ ուղարկել եք կամ ստացել, այդ թվում՝ ջնջած կամ սպամ դասակարգվածները, կոնտակտները, ձեր Google Drive ֆայլերը, բոլոր վերոնշյալ տեղեկությունները, ձեր YouTube-յան տեսանյութերը, հեռախոսով արված բոլոր լուսանկարները, առցանց գնումները…

Նրանք նաև ունեն տվյալներ ձեր օրացույցից, Google-ի չատերից, ձեր գտնված վայրերի պատմությունից, լսած երաժշտությունից, ստեղծած կայքերից, ձեր ունեցած հեռախոսներից, կիսած էջերից, օրվա ընթացքում քայլած հեռավորությունից…

Facebook-ը ևս ունի ձեր մասին հազարավոր էջերի տվյալներ…

Facebook-ը նույնպես առաջարկում է ներբեռնել ձեր բոլոր տեղեկությունները։

Սա ներառում է ամեն մի հաղորդագրություն, որը երբևէ ուղարկել եք կամ ստացել, ձեր հեռախոսի բոլոր կոնտակտները և ուղարկված կամ ստացած բոլոր աուդիո հաղորդագրությունները:

Facebook-ը պահում է ամեն ինչ՝ ձեր օգտագործած ստիկերներից մինչև կայք մուտք գործելու վայրը

Ֆեյսբուքը նաև պահում է այն, ինչն ըստ իրեն կարող է հետաքրքրել ձեզ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչն եք հավանում սոցցանցում և ինչի մասին եք խոսում դուք և ձեր ընկերները։

Միանգամայն անիմաստորեն, նրանք պահում են նաև Facebook-ում ձեր օգտագործած ստիկերները։

Նրանք նաև պահում են տեղեկություն՝ երբ եք մուտք գործել Facebook, որտեղից, որ ժամին և ինչ սարքից: Պահվում են նաև բոլոր հավելվածները, որոք երբևէ կցել եք ձեր Facebook-յան էջին:

Այժմ՝ վախենալուի մասին

Նրանք կարող են մուտք գործել ձեր վեբ-տեսախցիկ և խոսափող: Նրանց հավաքած տվյալները ներառում են՝ որտեղ եք գտնվում, ինչ հավելվածներ եք տեղադրել, երբ եք դրանք օգտագործում, ինչի համար, ցանկացած պահի կարող են օգտվել ձեր վեբ-տեսախցիկից և խոսափողից, տեսնել ձեր կոնտակտները, էլ-նամակները, օրացույցը, զանգերի պատմությունը, ուղարկած և ստացած հաղորդագրությունները, ձեր ներբեռնած ֆայլերը, խաղերը, լուսանկարները և տեսանյութերը, երաժշտությունը, որոնման պատմությունը, ձեր դիտման պատմությունը, նույնիսկ այն ռադիոկայանները, որոնք լսում եք։

Նրանք նաև ունեն բոլոր պատկերները, որոնք ես երբևէ փնտրել և պահել եմ, երբևէ որոնած իմ վայրերը, երբևէ կարդացածս լրատվական կայքերը ու հոոդվածները, և 2009-ից կատարած յուրաքանչյուր Google որոնում: Եվ վերջապես, 2008-ից ի վեր իմ փնտրած կամ դիտած բոլոր YouTube տեսանյութերը:

Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել միլիոնավոր անբարեխիղճ նպատակներով: Դուք ասում եք՝ ահաբեկիչ չեք: Այդ դեպքում ինչու՞ եք Google-ում փնտրել Իսլամական պետության մասին տեղեկություն։ Աշխատում եք Google-ում և կասկածում ձեր կնո՞ջը։ Պարզապես նայեք վերջին տասնամյակում նրա գտնվելու վայրերը և որոնման պատմությունը: Կարողացաք մուտք գործել ինչ-որ մեկի Google հաշի՞վ: Հրաշալի է, դուք ունեք այդ անձի՝ վերջին 10 տարվա ընթացքում կատարած ամեն ինչի ժամանակագրական օրագիրը:

Սա ժամանակակից դարաշրջանի ամենախելացնոր բաներից մեկն է: Մենք երբեք թույլ չենք տա, որ կառավարությանը կամ կորպորացիաները մեր տներում տեսախցիկներ/լսափողներ տեղադրեն, կամ մեզ վրա կպցնեն գտնվելու վայրը ցույց տվող սարքեր։ Բայց մենք ինքներս դա արեցինք մեզ հետ, որովհետև, գրողը տանի, ուզում էինք սիրունիկ շնիկների մասին տեսանյութեր դիտել…

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել