100-ամյակի տարում պարտադիր է կարդալ

Այս տարի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում նշում են Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակը։

Իրենց հարյուրամյակն են նշում նաև մեր հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը։

Վրաստանն իր անկախությունը հռչակեց 1918-ի մայիսի 26-ին՝ Թիֆլիսում։

Ադրբեջանը ևս իր անկախությունը հռչակեց Թիֆլիսում։ 1918-ի մայիսի 28-ին Մուսուլմանների Ազգային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման մասին։

Մայիսի 28-ը համարվում է նաև Հայաստանի Հանրապետության հռչակման օր, թեև իրականում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի մայրաքաղաքում իրեն հայկական գավառների իշխանություն է հայտարարել մայիսի 30-ին՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի։

Այս երեք հանրապետություններից ամենակարճ կյանքը ունեցավ Ադրբեջանը։ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվեց։

Ամենաերկար կյանք ունեցավ Հայաստանը, որը թեև 1920-ի դեկտեմբերի 2-ին խորհրդայնացվեց, սակայն 1921-ի փետրվարի 18-ին տեղի ունեցավ ապստամբություն, բոլշևիկյան Հայհեղկոմը հեռացվեց իշխանությունից, իսկ Հայրենիքի փրկության կոմիտեն Հայաստանը ղեկավարեց մինչև ապրիլի 2-ը։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակահատվածը կարելի է երկարացնել մինչև 1921-ի ապրիլի 2-ը։

Վրաստանը խորհրդայնացվեց 1921 թվականի փետրվարի 25-ին։

Այս տարի Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվել և տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված 100-ամյակին։

Պատմության ինչպես ամեն դարաշրջան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շրջանը, կապված նրա հետ, թե ինչ քաղաքական ուժ է իշխանության, ներկայացվում է ընտրողաբար։

Բոլշևիկյան և Խորհրդային Հայաստանի գրեթե ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է կոմունիստական տեսանկյունից, այսինքն՝ ամբողջությամբ գլխիվայր ու կեղծված։ 70 տարիներին ստեղծված պատմագրությունը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության գոյության մոտ 1000 օրերին, բացառությամբ մի քանի գործերի, արժեք չունեն։

Իսկ ի՞նչ պետք է կարդա նոր սերունդը կամ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի Հանրապետության պատմությամբ։

Ցանկը, որ կներկայացնեմ ներքո, ամբողջական չէ, անկասկած, քանի որ 1918-1921 թվականների մասին առկա է ծով գրականություն։

Հայաստանի Հանրապետության մասին համապարփակ և ամբողջական ստեղծագործությունը, իմ կարծիքով, ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի կոթողային չորսհատորյակն է «Հայաստանի Հանրապետություն» վերնագրով։ Եթե որոշել եք կարդալ այդ հատորները, ապա խորհուրդ եմ տալիս նախ ընթերցել Հովհաննիսյանի մեկ այլ հատոր՝ «Հայաստանը անկախության ճանապարհին․ 1918» աշխատությունը։

Մեծ արժեք է ներկայացնում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գործը։ Խատիսյանը այն գրել է սթափ ուղեղով և, ի տարբերություն հուշագրությանը բնորոշ սուբյեկտիվիզմի, չի թաքցրել փաստերն ու իրադարձությունները, եթե անգամ դրանք չեն աշխատում հոգուտ այն կուսակցության՝ ՀՅԴ-ի, որը իշխող ուժ էր 1918-1921 թվականներին։ Խատիսյանի հատորը ունեցել է երկու հրատարակություն, իսկ մինչ գրքի վերածվելը տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։

Պարտադիր ընթերցանության շարքում է Խատիսյանի մեկ այլ աշխատություն՝ նրա օրագրությունը ռուսերենով։

Մեկ այլ համապարփակ և կոթողային աշխատություն է վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետությունը» հատորը, որն ունեցել է մի քանի հրատարակություն, այդ թվում Երևանում՝ 1993-ին։ Խորհուրդ եմ տալիս կարդալ Վրացյանի առաջին հրատարակությունը։

Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» աշխատությունը թեև չի անդրադառնում հանրապետության ամբողջ ժամանակահատվածին, այլ միայն 1919-ի սեպտեմբերից 1920-ի մայիս շրջանին, սակայն այս գործը ևս պետք է դնել պարտադիր ընթերցանության հատորների շարքում։

Ռիչարդ Հովհաննիսյան, Ալեքսանդր Խատիսյան, Սիմոն Վրացյան և Ռուբեն Տեր-Մինասյան կարդալով հնարավոր է ամբողջական և համապարփակ գաղափար կազմել Հայաստանի Հանրապետության հիմնադրման, զարգացման ու անկման մասին։

Հայաստանի Հանրապետության մասին կարևոր են նաև այն հատորները, որոնք խմբագրել և հրատարակել է պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը։

Նրանք, ովքեր ուզում են ավելին, խորհուրդ եմ տալիս թերթել 1917-1921 թվականների մամուլը, մասնավորապես «Զանգ», «Աշխատանք», «Յառաջ», «Հորիզոն», «Ժողովուրդ», «Ժողովրդի ձայն», «Մշակ» թերթերը, Բոստոնի «Հայրենիք» ամսագրի 1920-ական թվականների համարները։

Իսկ շատ ավելին իմացող ցանկացողները պետք է մտնեն և կարդան արխիվը։ Այն, բարեբախտաբար, հասանելի է ուսումնասիրողների համար։

Մեկնաբանել