Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներն ընթանում են ողջ թափով. Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին: Վերջիններս քննարկել են հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի վերաբերյալ մի շարք հարցեր:

«Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել են նաև գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ: