Սերժ Սարգսյանի տասը տարին. արտաքին քաղաքականության արդյունքներ

Սերժ Սարգսյանի վարած ներքին քաղաքականության ձախողումներն իրենց արտացոլանքն են գտել նաև արտաքին քաղաքականությունում: Սարգսյանի ձախողումների թիվն այնքան մեծ է, որ մինչև այօսր ՀՀԿ-ականները Սարգսյանի որևիցե հաջողություն չեն կարողացել ներկայացնել որպես փաստարկ, որպեսզի վերջինս այդ հիմնավորումով դառնա վարչապետ: Միակ փաստարկը, որ ՀՀԿ-ականները հնչեցնում են, անվտանգության գործոնն է, բայց Սարգսյանը հենց այս հարցում ամենաձախողվածն է: Վկան Ապրիլյան պատերազմն է, որի ընթացքում մարդկային ու 800 հեկտար կորուստ ենք ունեցել:

Սարգսյանի կառավարման օրոք պետական պարտքն աճել է 5 մլրդ դոլարով, Հայաստանից արտագաղթել է 370 000 քաղաքացի (միջինը տարեկան մեկ Կապան քաղաք), մոտ 1 մլն քաղաքացի աղքատության մեջ է ապրում, 2009-ին Հայաստանը ունեցավ 14,1 տոկոս ռեկորդային անկում՝ երկրորդ ամենամեծ անկումը աշխարհում: 2008-ին ներդրումները եղել են 1,132 մլրդ դոլար, 2016-ին հասել են 170 մլն դոլարի:

Այս ձախողումներն իրենց արտացոլանքն են գտել արտաքին քաղաքականությունում: Արտաքին քաղաքականության առաջին ձախողումը հայ-թուրքական արձանագրություններն էին: Սարգսյանը Մարտի 1-ի ճգնաժամից հետո արտաքին ճնշումները թուլացնելու համար նախաձեռնեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որը վնաս հասցրեց Հայաստանին: Արձանագրությունները հնարավորություն տվեցին Թուրքիային միջամտելու Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը և պահանջներ ներկայացնելու տարածքների զիջման տեսքով: Արձանագրությունները նաև բացասական արձագանք գտան Սփյուռքում: Արդյունքում հայ-թուրքական արձանագրությունները ձախողվեցին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վնաս կրեցին, և Թուրքիան հնարավորություն ստացավ ազդելու Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա:

Հաջորդ խոշոր ձախողումը եղել է մեկ գիշերվա մեջ Հայաստանը ԵՏՄ մտցնելը: Հայաստանը 3,5 տարի ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման պայմանագրի շուրջ, սակայն Սարգսյանը իր իսկ խոսքով՝ մեկ գիշերում որոշեց Հայաստանը մտցնել ԵՏՄ: Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն փորձում էին համոզել, որ որոշումն անվտանգության համար է կատարվել: Սակայն փորձը ցույց տվեց, որ Հայաստանն ավելի խոցելի է դարձել:

Մեկ գիշերվա որոշման ձախողմանը հետևեց Ապրիլյան պատերազմը, որն ամբողջովին Սարգսյանի ձախողումն է: Փոխանակ պատրաստվեր Ադրբեջանի դեմ պատերազմին՝ Սարգսյանը, կրկնապատկելով ոստիկանության բյուջեն, պատրաստվել է քաղաքացիներին ճնշելու գործին: Ադրբեջանը Ռուսաստանից լայնածավալ զենքի գնումներ էր կատարում, Սարգսյանը ոստիկանության սպառազինությունն էր ավելացնում: Սարգսյանը քաղաքացիների մեջ ավելի մեծ վտանգ էր տեսնում, քան՝ Ադրբեջանի սպառազինության: Հետևանքը եղավ Ապրիլյան պատերազմը, երբ ունեցանք մարդկային ու տարածքային կորուստներ: Սարգսյանի բացարձակ անտարբերությունը երկրի խնդիրներին հանգեցրել է պատերազմի:

Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումը, մեկ գիշերվա մեջ Հայաստանը ԵՏՄ մտցնելը և Ապրիլյան պատերազմը Սարգսյանի պատասխանատվությունն են, որոնք անդառնալի հետևանքներ են ունեցել երկրի համար:

Ներքին և արտաքին քաղաքականության ձախողումը հուշում է, որ դրանք էլ ավելի են խորանալու, եթե Սարգսյանը դառնա վարչապետ:

Մեկնաբանել