Մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու․ Մարուքյան

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ է սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։

14 օր Փաշինյանը քայլելու է քաղաքներով՝ շուրջ 200 կիլոմետր , ապա հասնելու է Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ Քաղաքացիական պայմանագիրը ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կանցկացնի հանրահավաք։ Ավելի վաղ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր ներկայացուցիչներ չէին բացառել, որ Երևանում կարող են նախաձեռնել շուրջօրյա հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև խաղաղ քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու իրենց մտադրության մասին, ասել, որ ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը այլևս իշխանություն չէ, որևէ լիազորություն չի ունենալու և ավելի քան մեկ շաբաթ ժողովուրդը հնարավորություն կունենա վարչապետի իր թեկնածուին պարտադրել իշխանություններին։

Փաշինյանի խոսքով՝ իրենք քայլարշավով ժողովրդի կամարտահայտության հարթակ են ստեղծում․ «Սա արշավ է ընդդեմ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ու նրա ստեղծած ստահոդ պետության, ընդդեմ լճացման ու հուսահատության։ Սա քայլարշավ է ընդդեմ ստի ու հանուն արժանապատվության»,-նշել է Փաշինյանը;

Քայլարշավն անցնելու է Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով ու ավարտվելու Ազատության հրապարակում՝ հանրահավաքով։

«Ելք» դաշինքի մեջ մտնող երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», պայքարին չեն միացել։ Այս առիթով լույս է տեսել «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հեղինակային հոդվածը, որում նա հիմնավորում է քայլարշավին չմիանալու որոշումը։ Հոդվածից մի հատված ներկայացված է ստորև։

«Մենք ամենօրյա ռեժիմով ձեռքներս պահում ենք քաղաքական փոփոխությունների զարկերակին, իսկ այս օրերին, ինչպես գիտեք, ամենից քննարկվող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և դրա դեմ պայքարի մեթոդներն ու ռազմավարությունն են, դրա քաղաքական իմաստը, այդ գործընթացի շուրջ համախմբվելը կամ չհամախմբվելը: Շատերի մոտ սա դեժավյու է առաջացնում, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում ներկայացնել մեր մոտեցումները քննարկվող թեմաների մասին և այն ամենը, ինչին հավատում ենք մենք։

Դեռևս ամիսներ առաջ, ԵԼՔ դաշինքը, քննարկումների արդյունքում հանգեց կոնսենսուսային որոշման՝ առ այն, որ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Միևնույն ժամանակ, այդ կոնսենսուսի լույսի ներքո, քաղաքագիտորեն և իրավական տրամաբանությամբ բոլորս հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության հետ միասին վերարտադրվել է դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին, հետևաբար, ՀՀ քաղաքացիների հետ հարկավոր էր լինել անկեղծ և մեր հռետորաբանության մեջ օգտագործել ոչ թե վերարտադրություն, այլ երրորդ ժամկետ արտահայտությունը:

Այո՛, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետին անցնելով, դրժում է նախկինում իր կողմից տրված խոստումը: Այսպիսով, հօդս է ցնդում սահմանադրական բարեփոխումների ամբողջ միֆը: Վերջին շրջանում ընդունված սահմանադրական օրենքներով ամեն բան արվեց, որ Հայաստանն ունենա անվերահսկելի սուպերվարչապետ և զրո խորհրդարանական կառավարում՝ իր եվրասիական բոլոր ավանդույթներով։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը բռնապետություն դառնալու անհրաժեշտ ռեսուրս չունի. դա կատարյալ բախտախնդրություն է: Ուստի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի՝ Հայաստանը բռնապետություն դարձնելու բոլոր փորձերը ձախողվելու են։

Մյուս կողմից, որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած մեր գործելաոճին, մենք կարող էինք առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր. սա անելու համար, դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն իսկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ Ուստի, մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել ԵԼՔ դաշինքը:

Մյուս կողմից, առաջանում է լիովին տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ անել այս իրավիճակում, եթե Սերժ Սարգսյանն է նշանակվում վարչապետ՝ քաղաքական մեծամասնության կոալիցիայի և չի բացառվում նաև՝ Ծառուկյան դաշինքի աջակցությամբ։

Կարծում եմ, այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է: Մենք պետք է իշխանությունների առջև առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ ԵԼՔ դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։

Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2֊ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2֊ին և ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային և հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում:

Հայաստանին վերջին տարիներին հասցված համակարգային վնասը կարող է նվազեցվել միայն այս կերպ՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ համագործակցության ճանապարհով՝ զսպումների և հակակշիռների ստեղծման արդյունքում. այլ տարբերակ չկա և լինել չի կարող:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության կողմից կայացվեց քաղաքական որոշում՝ կրճատելու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը՝ այն դարձնելով 9: Պատճառն այն էր, որ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ, ուստի, նման որոշում կայացվեց՝ կանխելու համար այդպիսի զարգացումը:

Խախտումներով ընդունվեց նոր դատական օրենսգիրքը, որի համաձայն՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում՝ ունենալով կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ և դրա համար մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Բարձրացվեցին հարկերը և այլ պարտադիր վճարները, ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իշխանական պատգամավորի կողմից բռնություն կիրառվելու հարցով խորհրդարանում մերժվեց էթիկայի հանձնաժողովի նիստ գումարելու և այն քննարկելու նախագիծը:

Նոր օրենքի համաձայն՝ կառավարության նիստերը դառնում են դռնփակ, արգելվում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերին: Խախտվում է Սահմանադրությունը՝ ստեղծելով առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ կառավարության կառուցվածքը դառնում է այնպիսին, որ այն վերջնականապես դուրս մնում խորհրդարանական վերահսկողությունից՝ վերածվելով վիթխարի ուժով օժտված անվերահսկելի մեքենայի:

Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ. ես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ բռնության հետ որևէ աղերս չունեցող հասարակական-քաղաքական բոլոր գործիչները, ովքեր այս պահին գտնվում են բանտերում կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի:

Վերը նշված բոլոր փաստարկները և քաղաքական իրողությունների խորքային գնահատականը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության շարունակական հետընթաց, որը կանգնեցնելու համար հարկավոր են արմատական և համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ և թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը»:

Մեկնաբանել