Ադրբեջանը կհետապնդի Արցախում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին

Ադրբեջանը հայտարարում է, որ կդիմի միջազգային տնտեսական դատարան այն ընկերությունների դեմ, որոնք, նրա պնդմամբ, զբաղվում են «օկուպացված տարածքներում ոսկու ապօրինի արդյունահանմամբ»։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և AzerGold ՓԲԸ-ն։

Ընկերության անցկացրած վերլուծության հիման վրա պարզվել է, որ «Հայաստանում և այլ երկրներում գրանցված Vallex Group, Base Metals, ACP, «Թեղուտ» և այլ ընկերությունները զբաղվում են ապօրինի հանքարդյունաբերությամբ և ստանում «ապօրինի շահույթ»։

Ադրբեջանը մտադիր է ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ պարզելու AzerGold-ին «հասցվող վնասի չափերը», որից հետո դիմումներ կուղարկվեն միջազգային դատարան և այն երկրների իրավապահ մարմիններին, որոնց ընկերությունները զբաղվում են այդ գործունեությամբ։