Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:
Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ:
Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման և այս բնագավառում իրենց հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում: