Բազմակենտրոն աշխարհի լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը. Վիգեն Սարգսյան

Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրներից մեկը` Հայաստանն այս կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ․ ելույթ ունենալով Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովի ընթացքում՝ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը: Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ, կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ:

[…]

Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և մեր ընկերների ու դաշնակիցների, առաջի հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի բախման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»,- ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ «Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները», և ՌԴ-ից և եվրոպական կառույցներից «բերում են Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի»:

Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրներից մեկը` Հայաստանն այս կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման «գլխավոր արտաքին բաղադրիչ» և շարունակում է ջատագովել ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման օգտին։

«Մենք հետայսու ևս շարունակելու ենք անել ամեն ինչ ՀԱԿՊ Օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունների ավելացման և կազմակերպության խաղաղապահ ներուժի ձևավորման համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ ՊՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանի գլխավոր կանոնը հարաբերություններում «առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է»:

«Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանել