Կառավարությունն այսօր՝ ապրիլի 5-ին, որոշեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը տալ արտոնություն՝ ազատելով ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից։
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ը, որը զբաղվում է թեթև արդյունաբերությամբ, ներմուծում է 706 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, հումք և նյութեր։ Ներմուծված ապրանքի 90 տոկոսը Թուրքիայից է, մնացածը՝ Ուզբեկստանից։
Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 80-ով՝ 70 հազ․ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարությունում վստահեցնում են, որ ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 683,8 մլն դրամի, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 833,6 մլն դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 2,5 մլն դրամի արտադրանքը՝ Իտալիա։
Հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։
Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասի տերը Էդգար Անտոնյանն է։ Նրա բնակության հասցեում էլ գրանցված է ընկերությունը։ Նույն Էդգար Անտոնյանը նաև տնօրինում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մյուս ընկերությունների բաժնեմասերը։ Օրինակ՝ նա 100 տոկոս բաժնեմաս ունի «Մակալեքս» ընկերությունում, բաժնեմասեր «Ալեքս Ալկո» և «Խոլորձ» ՍՊԸ-ներում։
Գևորգ Թոսունյան