Հռոմի պապը հայ պատրիարքների ու ՀՀ նախագահի ներկայությամբ օծել է Նարեկացու արձանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Ինչպես հաղորդում է նախագահական մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, «ինչն ինքնին խոսուն է»:

«Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:

Նշելով, որ կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանում, մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաև հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որի բացմանն այսօր պատիվ կունենա մասնակցելու, Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին այդ որոշման համար և տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում: Այդպիսով, Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը, ըստ նախագահի, դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է Radio Vaticana-ն, այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում օծել է հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Օծման արարողությունը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։

Կայքը հավելում է, որ արձանի կրկնօրինակը ներկայում ձուլման փուլում է և տեղադրվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարտեզներում։ Բացման արարողությունը տեղի է ունենալու 2018-ի վերջին։

Լուսանկարում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանի պարտեզներում