«Պոլիմետալ Արմենիա»-ն ուսումնասիրությունների թույլտվություն ունի Սյունիքի մարզում

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը այս պահին երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ունի Սյունիքի մարզում․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ընկերությունից։

Սյունիքի մարզի տարածքում երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը ընկերությանը տրվել է այս տարվա հունվարի 31-ին` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

Այս տարվա մարտին հայտնի էր դարձել, որ «Պոլիմետալ Արմենիա»-ն մտադիր է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել։ Այս ընկերությունը, որ ռուսական «Պոլիմետալ» խմբի մաս է, ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն և կապար էր որոնելու Տավուշի և Լոռու մարզերում, մասնավորապես՝ Նոյեմբերյան, Կողբ, Ալավերդի և Շնող բնակավայրերի մոտ։ Երկրաբանահետախուզական աշխատանքներն ընդգրկելու էին 18 000 հա անտառածածկ տարածք։ Տեղեկությունը բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանի բնապահպանների, քաղաքացիների և ազդակիր համայնքների բնակիչների շրջանում։ Մարտի կեսին ընկերությունը հայտարարեց, որ ընդհանրապես հրաժարվում է Լոռի և Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից:

ՍիվիլՆեթի հարցին, թե ընկերությունը ծրագրո՞ւմ է վերադառնալ այդ տարածք, պատասխանեցին, որ «իր գործունեության հանրային պահանջվածության բացակայության պայմաններում ընկերությունը չի քննարկի այդ տարածքներում որևէ ծրագրի իրականացում»:

Մեկնաբանել