Մինչ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին պատրաստվում է ստանձնել պաշտոնը, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը մատնանշում է, որ Հայաստանի կառավարության առաջ ծառացած գլխավոր խնդիրը լինելու է մամուլի ազատության անկումը։
«Մենք անհանգստացած ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռությունները, որոնք նվազեցնում են տեղեկատվության հասանելիության իրավունքը և խոչընդոտում լրագրողների աշխատանքը»,- ասել է կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է անցկացնեն լրագրողների դեմ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ հետաքննություններ և վերջ դնեն նման դեպքերում անպատժելիությանը։
Տեղեկատվություն ստանալու իրավունքը վտանգված է
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է օրենսդրական այն նախաձեռնություններով, որոնցով սահմանափակվում է լրագրողների մուտքը այն վայրեր, որտեղ իշխանական մարմինները որոշումներ են ընդունում։
Մարտի 23-ին Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխություններով կառավարության անդամները այլևս չեն կարողանա հարցազրույցներ տալ առանց վարչապետի թույլտվության և ներկա գտնվել կառավարության նիստերին, որոնք հետայսու անցկացվելու են դռնփակ ռեժիմով։
Ընդծվում է նաև նույն օրը վերջին րոպեին ընդունված անակնկալ փոփոխությունը, որով լրագրողները զրկվում են Երևանի քաղաքապետարանի նիստերին ներկա գտնվելու իրավունքից։ Նրանք այսուհետ տեղակայվելու են առանձին մամուլի կենտրոնում։
Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում նաև լրագրողների դեմ բռնություններին և շարունակական անպատժելիությանը՝ նշելով, որ 2017-ին Հայաստանում բռնության է ենթարկվել առնվազն 17 լրագրող։
RSF-ն վկայակոչում է նաև լրագրողների ու պարբերականների դեմ 2017-ին դատական հայցերը․ 2017-ին՝ ավելի քան 60 դատական հայց, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է 2016-ի ցուցանիշը։
Հայաստանը RSF-ի Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում 79-րդն է 180 երկրների թվում՝ 5 հորիզոնականով ավելի ցածր, քան 2016-ին։