Կազանյան փաստաթղթում պարունակվող շատ բաներ նախկինի պես պահանջված են. Լավրով

Կազանյան փաստաթղթում պարունակվող շատ բաներ նախկինի պես պահանջված են․ հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Վերլուծաբանները կարծում են, որ 2011թ․ կազանյան գագաթաժողովը կարող էր բեկումնային լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ Ի՞նչը կարող է լինել ապագայում այդ հարցի լուծման հաջողության գրավականը» հարցին Լավրովը պատասխանել է․

«Աշխատանքը, որը տարվել է 2009-2011թթ․, իսկապես շատ ինտենսիվ էր։ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին մոտ 10 անգամ։

Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս ակնկալել լուրջ դրական արդյունքներ, քանի որ փաստաթղթերի նախագծերում հաշվի էին առնվել, ինչպես մեզ թվում էր, Երևանի և Բաքվի մտահոգությունները՝ հավասարակշռված ձևով։

Սակայն բուն գագաթաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ։ Այդպես պատահում է։ Մենք դրանից ողբերգություն չենք սարքում։

Համոզված եմ, որ շատ բաներ, որոնք պարունակում էր կազանյան փաստաթուղթը, նախկինի պես պահանջված են։ Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները՝ այդ ժամանակից ի վեր նախագահների, նախարարների ու համանախագահների մակարդակով տեղի ունեցած շփումներին։

Այդ տարիներին մշակված աշխատանքից ոչինչ, կարծում եմ, չի կորել։ Չնայած՝ այս ընթացքում ի հայտ են եկել որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահները ներկայում առաջ են տանում կողմերի հետ շփումներում։ Ամենակարևորն է՝ հեռանալ անվստահությունից, որը նախկինի պես դեռ ծագում է բանակցություններում և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավականաչափ են։ Պարզապես պետք է դրանք ամրագրել թղթի վրա։ Չնայած կողմերը համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն ինչ սկսում է կոնկրետ ձևակերպումների տեսք ստանալ, ինչպես և լինում է այլ իրավիճակներում, բարդություններ են առաջ գալիս։ Ես կարծում եմ՝ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և կհասնենք արդյունքների»։

Կազանյան փաստաթղթի մասին ավելին՝ Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով