Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի շրջափակել Ազգային ժողովը, փակել հանրապետական պատգամավորների տների մուտքերը և Երևանում երթևեկությունը կաթվածահար անել։ Այս քայլերին պատգամավորը իր համախոհների հետ գնալու է, որպեսզի թույլ չտա, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, եթե Հանրապետական խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրի։ Նիկոլ Փաշինյանի հետ ՍիվիլՆեթը զրուցել է Սևան-Երևան ճանապարհին նրա քայլերթի ընթացքում։ Նա այսօր այցելեց Սևան քաղաք և թռուցիկներ բաժանեց մարդկանց։

«Եթե մեզ առաջին փուլում հաջողվի թույլ չտալ, որ վարչապետ ընտրվի, դա նշանակում է, որ ժողովուրդն արդեն իշխանությունը վերցրել է իր ձեռքն ըստ էության։ Երկրորդ փուլից առաջ կա երկու ընտրություն․ եթե ժողովուրդը կունենա վարչապետի սեփական թեկնածու, կարող է պահանջել, որ ԱԺ-ն վարչապետի թեկնածու ընտրի իր թեկնածուին, եթե նման սցենար չի լինում, երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություններ տեղի չեն ունենում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասում է Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են

Փաշինյանը վստահ է, որ Ազգային ժողովն իրենց քայլերի արդյունքում արձակվելու է իրավունքի ուժով. «Սցենարներից մեկով դա տեղի է ունենում քառասուն օր անց, ինչքան նախատեսված է Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով, մյուս սցենարով լինում է ժամանակավոր կառավարություն և ինչ-որ ժամանակ անց, ժողովրդի հետ համաձայնեցնելով, տեղի են ունենում այդ արտահերթ ընտրությունները»։

Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ եթե ի վերջո իշխանությունը հասնի իր նպատակին, ո՞րն է լինելու ընդդիմադիր ուժի «պլան Բ-ն». «Մեր «պլան Ա»-ն այն է, որ իշխանությունը չհասնի իր նպատակին և մեր «պլան Բ»-ն այն է, որ իշխանությունը չհասնի իր նպատակին»։

Ի՞նչ է սպասվում ԵԼՔ խմբակցությանը

«Իմ քայլը» նախաձեռնությունը ԵԼՔ խմբակցությունում տարաձայնությունների է հանգեցրել։ ԵԼՔ-ի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն անգամ նպատակահարմար չգտան մասնակցել Նիկոլ Փաշինյանի քայլարշավին. «Տեսնենք ինչ կլինի մինչև ապրիլի 17-ը։ Իհարկե, մենք ԵԼՔ-ի մեր գործընկերի հետ կհանդիպենք Երևան հասնելուց հետո, կարծում եմ՝ մենք շատ հարցեր ունենք քննարկելու, ու այդ հարցերը առերես պետք է քննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Նա փոխանցեց, որ իրենց այցելել են գործընկեր կուսակցույթունների որոշ անդամներ, սակայն նրանք հանդես են եկել սեփական անունից, ոչ թե կուսակցությունների։

Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի երդման վերաբերյալ

Ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունը, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Արմեն Սարգսյանն այս ընտրական պրոցեսով արժանի չէ, որ ինքը ներկա գտնվի այդ միջոցառմանը»։ «Նա իշխող հանրապետականի մարիոնետի դերում է, պատահական չէ, որ ժողովուրդը նրան համարում է անգլիական թագուհի։ Կարծում եմ՝ անգամ չափազանցնում է այդ ձևակերպմամբ»,- նշեց Փաշինյանը։

Առաջին րոպեներն՝ առանց Սերժ Սարգսյանի կառավարման

Ապրիլի 9-ին ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Նիկոլ Փաշինյանն այս իրադարձությունը չի գերագնահատում. «Ես չեմ գերագնահատում այդ իրավիճակը, բայց չեմ էլ թերագնահատում, այս մի շաբաթվա ընթացքում իշխանությունն այսպես ասած՝ փողոցում գցած է լիենլու, և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է այն վերցնել, նա այն կվերցնի»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել