17 մլն դրամ՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ձևավորումներին

Նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը հարկատուներին արժեցել է 17 մլն դրամ կամ 35 400 դոլար։

Ինչպես տեղեկանում ենք կառավարության գնումների կայքից՝ երդմնակալության արարողության կազմակերպման համար Ազգային ժողովը մարտի 30-ին պայմանագիր է կնքել «Աուտդոր Սերվիս» ՍՊԸ-ի հետ։

Ըստ պայմանագրի նկարագրի՝ «Աուտդոր Սերվիս» ՍՊԸ-ն պետք է իրականացներ Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար կազմակերպվելիք պաշտոնական միջոցառում, որը ներառում է՝ «մարզահամերգային համալիրի դահլիճի նախամուտքի, մուտքի, միջանցքի և բեմի ամբողջական ձևավորումը՝ ըստ նախապես մշակված դիզայներական լուծումների, որը մասնավորապես ներառում է՝ լուսադիոդային էկրանների, մետաղական ֆերմաների, լուսային սարքերի տեղադրում, լայնաֆորմատ տպագրություն, դրոշների ամրակների պատրաստում և տեղադրում: Դրոշների, ծաղկե կոմպոզիցիաների պատրաստում, բեմի երեսպատում, լեդ էկրանների սպասարկում և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սույն միջոցառումից բխող այլ անհրաժեշտ ծառայություններ»:

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել