Գալուստ Սահակյանին տեր է պետք

Գալուստ Սահակյանն ասել է, որ մեր երկրին տեր է պետք և այդ տերը կարող է լինել Սերժ Սարգսյանը։ Միայն սա չէին ասել, ասացին։ Դեռ տեր չի, որ երկիրը հասցրեց գրեթե անկախության կորստի, իսկ եթե տեր լիներ, պատկերացնելու բան չէ, թե ինչ տեղի կունենա։ Տեր ունենալ, նշանակում է հույսը կտրել բոլոր մնացածից, նշանակում է փաստել մնացածի ինտելեկտուալ անկարողությունը։

Ու՞մ անունից է Տիրոջ կարիք զգում Գալուստ Սահակյանը։ Պարզ է, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանը Տեր է, այնտեղ մտածողների աննախադեպ քչություն է զգացվում։ Տերը մարդ է, որն ունի ողորմած լինելու իշխանություն։ Բայց Սահմանադրության մեջ մեր հանդեպ Սերժ Սարգսյանի ողորմածության իրավունքի մասին ոչինչ գրված չէ։ Ինչպե՞ս կարող է պետությունը ունենալ խորհրդարան, ՍԴ, դատարաններ և Տեր։ Տերը բոլոր ինստիտուտներից անդին է։ Տերը ունենում է թշնամիներ և ոչ թե ընդդիմություն։ Թե՞ պարոն Սահակյանն ուզում է ասել, որ մենք այլևս ընդդիմություն չունենք, և Սերժ Սարգսյանի դեմ խոսող մարդիկ Հայաստանի թշնամին են։Ահա թե մեզ ուր հասցրեց այն գիտակցումը, որ Սյունիքին պետք է տիրություն անի Սուրիկ Խաչատրյանը, Կոտայքին՝ Գագիկ Ծառուկյանը, Տաշիրին՝ Կարեն Կարապետյանը։ Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն «հասունացրել» է շարքային հայաստանցուն այսպիսի արտահայտությունների համար։ Վաղը, երբ Սերժ Սարգսյանը կարիք զգա, որ իշխանության մեջ մնալու է մինչև իր մահը, ՀՀԿ-ն կարող նաև հայտարարել, որ մեզ արդեն Տերը հերիք չէ, Աստված է պետք, կորչի Քրիստոսը։ Նժդեհականներ են, կարող են նաև Քրիստոսին «պաշտոնանկ» անել։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ չես կարող ՀՀԿ-ականից անլուրջ լինել․ ոչ թե հնարավոր չէ, այլ այնքան են իջեցրել բովանդակության սանդղակը, որ նույնիսկ էական չէ, թե ինչ կասեն։ Գալուստ Սահակյանը, եթե անկեղծ լինենք, առանձնապես անակնկալի չի բերել ՀՀ քաղաքացուն։ Հայաստանում «կա» այդ միջավայրը, որը բաց է այսպիսի մտքերի համար։

Ո՞վ է Տերը։ Նա մի մարդ է, որը ինքն է բացում ծառայի, անհույսի, չմխիթարվածի աչքերը։ Տերը մի մարդ է, որից սկսվում են մնացածը։ Այսինքն, Տերն ինքն է ցույց տալիս, թե ինչի կարիք ունի այս կամ այն ծառան, այս կամ այն հիվանդը, այս կամ այն սովյալը։ Կարճ ասած, քանի դեռ Տիրոջ ձեռքին բանան չկա, ոչ ոք չգիտի, թե ինչ է բանանը։ Տերը «լուսավորիչ» է։ Չեմ կարծում, որ նախկին ուսուցիչ Գալուստ Սահակյանն այսքան հեռու է հաշվարկել։ Բայց նա այսօր տեսնում է այնպիսի Հայաստան, որին «տեր է պետք»։ Հասկանու՞մ եք՝ թվում է, թե քաղաքական իշխանություն են, թվում է, թե պաշտոնների են տիրապետում, թվում է, թե անկախ երկիր են տեսել, բայց ահա թե ինչպես են մտածում՝ երկրին տեր է պետք։ Իսկ կներեք, մեզ ի՞նչ է եղել։ Կամ եթե տեր է պետք և այդ տերը Սերժ Սարգսյանն է, վերջին տասը տարում ո՞վ էր իշխանության գլխին և ինչու՞ է ամեն ինչ այսքան անհույս։

Պարզ է, չէ՞, Գալուստ Սահակյանն իրականում ուզում է ասել, որ իրենց է տեր պետք, որովհետև հենց Սերժ Սարգսյանը հեռանա, մի իսկական հակահանրապետական հաշվեհարդար է լինելու ամբողջ Հայաստանով մեկ, բոլորն իրենց հանգուցյալ ծնողների և դեռևս չծնված երեխաների արևով են երդվելու, որ երբեք չեն երազել լինել հանրապետական, որ իրենց ստիպել են, որ իրենք դիմադրել են։ Իսկ ոչ հանրապետական ՀՀ քաղաքացու ինչի՞ն է պետք տեր ունենալը, ո՞վ է նրան սպառնում, որ նա էլ տիրոջով պաշտպանվելու կարիք ունի։ Պարզ է, չէ՞, ոչ մեկն էլ ինձ կամ ոչ ՀՀԿ-ական մեր հայրենակիցներին ոչնչով չի սպառնում։

Մեկնաբանել